ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը որոշել է անձա՞մբ կշտամբել Ալիևին ադրբեջանական թողտվության համար

ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը որոշել է անձա՞մբ կշտամբել Ալիևին ադրբեջանական թողտվության համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել է Բաքու, որտեղ արդեն հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «կարծիքների փոխանակում Ադրբեջանի ու ԱՄՆ միջև երկկողմ հարաբերությունների հեռանկարների և ղարաբաղյան կարգավորման շուրջ»:

Նոյեմբերի սկզբում, ինչպես արդեն ասվել է, համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան, որի ժամանակ խոսք կգնա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման մասին:

Չի բացառվում, որ Ուորլիքի այս այցը, որի մասին նախապես չի հայտարարվել, կապված է Լեռնային Ղարաբաղի ու ադրբեջանական ԶՈւ շփման գծում տեղի ունեցած միջադեպի հետ:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջադեպի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածեցին հերթական դեկլարատիվ հայտարարությունը: Հայտարարության մեջ ասվում է. «Նման բացառիկ միջադեպերը, որոնք ափսոսանքի են արժանի, խախտում են անձնական ներկայացուցչի և նրա թիմի աշխատանքը, ինչպես նաև 1994 թվականին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը: Համանախագահները հորդորել են պաշտոնյաներին հետաքննել միջադեպը»:

Պարզել, թե որտեղից են հնչել կրակոցները, «հնարավոր չի եղել», ասվում է հայտարարության մեջ:

Չի բացառվում, որ կրկին, չհանդգնելով բացահայտ և հրապարակավ դատապարտել Ադրբեջանին սադրիչ գործողությունների համար և պատասխան պահանջել նրանից, ինչպես արդեն բազմիցս է եղել, համանախագահներն իրենց ներկայացուցչին են գործուղել, այս անգամ Ջեյմս Ուորլիքին, անձամբ Ալիևին կշտամբելու համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---