ՄՄ երկրները շահագրգռված են, որ Հայաստանը զարգանա ու կայունություն բերի տարածաշրջան

ՄՄ երկրները շահագրգռված են, որ Հայաստանը զարգանա ու կայունություն բերի տարածաշրջան

PanARMENIAN.Net - Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առավելությունները փոխադարձ են, Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ՝ ՄՄ կանոնակարգող մարմին) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: Ըստ նրա, եթե խոսելու լինենք ՄՄ շահի մասին, ապա պետք չէ մոռանալ, որ Հայաստանն եղել է ԽՍՀՄ տեխնոլոգիապես ամենազարգացած հանրապետություներից մեկը: «Այնտեղ կար և դեռ պահպանվում է համապատասխան արդյունաբերություն: Անշուշտ, կան կորուստներ, սակայն բազան պահպանվել է»,-ասել է Սլեպնյովը: Եվ հետո, ըստ նրա, ՄՄ երկրները շահագրգռված են, որ Հայաստանն ակտիվորեն զարգանա ու բարգավաճ լինի և կայունություն բերի այնպիսի բարդ տարածաշրջան, ինչպիսին Հարավային Կովկասն է:

Ինչ վերաբերում է ՄՄ-ին նոր անդամների անդամակցության հեռանկարին, ապա առևտրի նախարարը հայտարարել է, որ հեռանկարներն որոշում են երկրների նախագահները, դեռևս կոնկրետ ժամկետներ չկան: Կա ընթացակարգ, որը պետք է անցնի պետությունը, որը ցանկանում է միանալ միությանը: Օրենսդրության վերլուծության ու ներդաշնակեցման ուղղությամբ պետք է աշխատանք կատարվի:

«Հուսով եմ, դա կհաջողվի անել ավելի սեղմ ժամկետում, քան, օրինակ, ԵՄ-ին անդամակցելու դեպքում է: Այստեղ առավելությունն այն է, որ մենք թեկնածուների հետ ընդհանուր շատ բան ունենք»,-ասել է նա:

Անդրադառնալով Մաքսային միության ու ԵՄ հարաբերություններում բարդություններին՝ Սլեպնյովը նշել է, որ գլխավոր խնդիրն է, որ տնտեսական տրամաբանությունը հակասության մեջ է մտել քաղաքականության հետ: «Տնտեսական տրամաբանությունը հուշում է, որ պետք է ամբողջ ուժով զարգացնել գործակցությունը՝ ԵՄ-ն առաջին գործընկերն է ՄՄ համար, իսկ մենք՝ երրորդն ԵՄ համար Չինաստանից ու ԱՄՆ-ից հետո: Մերձեցում է ուզում նաև բիզնեսը, այդ թվում եվրոպական: Սակայն ԵՄ կողմից քաղաքական կամքի բացակայության պայմաններում, երկխոսությունը բավականին թույլ է, չի ապահովում այն հավակնոտ խնդիրների լուծումը, որը կյանքն է առաջարկում»,-ասել է նա:

Վիլնյուսում նախատեսվում էր ԵՄ և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին և պատրաստ է ստորագրելԵՄ հետԱսոցացման համաձայնագիրը: Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարել էր, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա գործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել էր Ստանոն:

Photo: cargonavigator.ru
Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---