Քաղաքագետը վստահ չէ, որ Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին, կասկածելի համարելով նաև միության ապագան![]() 30 հոկտեմբերի 2013 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հնարավոր է, որ Հայաստանը չանդամակցի Մաքսային միությանը, քանի որ շեմին լուրջ խնդիրներ են առաջանում, ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ես կասկածում եմ, որ Հայաստանն առաջիկայում կանդամակցի Մաքսային միությանը: Ես լուրջ կասկածներ ունեմ, կանդամակցի ընդհանրապես, թե ոչ: Ավելին, ես վստահ չեմ, որ ՄՄ-ն գոյություն կունենա 5 տարի անց»,-հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, Մաքսային միության նախագիծը շատ երկար է ձևավորվել, «այդտեղ կիլոգրամներով փաստաթղթեր» կան և սեղմ ժամկետում Հայաստանի միացումն այդ կառույցին գործնականում անհնար է: «ՄՄ-ին անդամակցող պետությունների տնտեսական շահերը տարբեր են: Օրինակ, Ղազախստանն ու Ռուսաստանը պետք է փակեն իրենց տնտեսությունները, իսկ Բելառուսն ու Հայաստանը՝ հակառակը: Ուղղակի վերցնել ու անդամակցել այդպիսի կառույցի անհնար է»,-ասել է նա: Քաղաքագետը նշել է, որ ՄՄ ներսում արդեն իսկ խնդիրներ կան, որոնք, հնարավոր է, այնքան խորանան առաջիկայում, որ «Հայաստանի անդամակցության հարցն արդեն ետին պլան կմղվի»: «Անշուշտ, եթե քաղաքական կամք դրսևորվի, Հայաստանին անդամ կկոչեն: Սակայն այսպես թե այնպես Հայաստանի լիարժեք անդամակցությունը ՄՄ-ին դեռ հնարավոր չի թվում»,-հավելել է նա, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Խորհրդի նիստում ներկայացվել և հաստատվել են նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում: Անդրադառնալով կիրակի օրը տեղի ունեցած Վրաստանի նախագահի ընտրություններին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ նոր հնարավորություններ են բացվում հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար: Հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոլիացիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: «Սահակաշվիլիի օրոք Վրաստանի արտաքին քաղաքականությունը որոշվում էր ոչ թե Թբիլիսիում, այլ Վաշինգտոնում: Այն ժամանակ Վրաստանի հետ խոսելն անօգուտ էր: Հիմա նոր հնարավորություն է առաջացել»,-ասել է Իսկանդարյանը: Ըստ նրա, «շատ բան կարող է Հայաստանի միջոցով արվել», հատկապես, եթե Թբիլիսին մտադիր է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ: «Վրաստանի իշխանություններն արդեն հայտարարել են Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու մտադրության մասին: Կարծում եմ, դա տեղի կունենա առաջիկա տարիներին»,-հավելել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |