Վիլնյուսում սպասում են նախագահ Սարգսյանին (թարմացված)

Վիլնյուսում սպասում են նախագահ Սարգսյանին (թարմացված)

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, այցի շրջանակում Վիլնյուսում նախատեսվում են նաև Հանրապետության նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովն է, որին մասնակցելու են Հայաստանը, Ադրբեջանը Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան ու Մոլդովան։ Ըստ Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության, Հայաստանը գագաթնաժողովում ներկայացնելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանը՝ նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Ուկրաինան՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Մոլդովան՝ վարչապետ Յուրի Լյանկեն ու Բելառուսը՝ արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։

Գագաթնաժողովին մասնակցելու են ԵԽ նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ արտաքին քաղաքական հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն ու ԵՄ Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլլեն։

«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 26-ի իրհամարում՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե Սերժ Սարգսյանը մտադիր չէ մասնակցել գագաթնաժողովին:

«Աղբյուրների պնդմամբ՝ հայկական պատվիրակությունը գլխավորելու է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, և Վիլնյուսում նախատեսված է ստորագրել 3-էջանոց հայտարարություն, որտեղ կողմերն արձանագրելու են, որ այս տարիների ընթացքում շատ բան է արվել ՀՀ-ում, և ՀՀ-ի առաջ դեպի Եվրոպա դռները փակված չեն»,- գրել էր թերթը: Իր հերթին «Հայկական ժամանակը» հիշեցնում էր, որ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության մակարդակն ու ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը դեռ պարզ չեն

Թերթի դիվանագիտական աղբյուրը պատմել էր, թե փաստաթղթի նախագիծը, որ Հայաստանը ներկայացրել է ԵՄ-ին ու ցանկություն հայտնել վիլնյուսյան գագաթնաժողովին ստորագրել, չի արժանանում ԵՄ անդամ որոշ երկրների հավանությանը։

Բանակցությունները մինչև օրս շարունակվում են, ու դրանց արդյունքներից է կախված՝ Սերժ Սարգսյանը կմեկնի Վիլնյուս, թե ոչ։ Հայկական կողմը հակված չէ զիջումների գնալուն ու ձևակերպումները փոխելուն։

Ենթադրվում է՝ դրանք առնչվում են կամ Մաքսային միության շահերին, կամ ԼՂ հիմնախնդրին, գրում է թերթը։

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---