Ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի վերջնագրերի լեզվից

Ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի վերջնագրերի լեզվից

PanARMENIAN.Net - Ժնևում Իրանի ու «վեցնյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ստորագրումից հետո Թուրքիան բուռն գործունեություն ծավալեց արտաքին քաղաքականությունում, ինչը հասկանալի է. Իրանը, նավթի ու գազի հսկայական պաշարներ ունենալով, տարածաշրջանային տերություն է դառնում: Հավանաբար, զուր չէր Թուրքիայի զարգացման նախարար Ջեվդեթ Յիլմազը հայտարարել, որ երկու երկրները կարող են ազատ տնտեսական գոտի ստեղծել, ինչը կնպաստի տարածաշրջանի և մասնավորապես Թուրքիայի զարգացմանը: Թուրքիան ու իրաքյան Քրդստանը մի շարք պայմանագրեր են կնքել նավթագազային ոլորտում, որոնք ենթադրում են նավթի միջազգային առաքումներ Թուրքիայի տարածքով: Ըստ գործակալության, փաստաթղթերը ստորագրվել են չորեքշաբթի օրը Քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի ու Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպմանն Անկարայում: Սակայն դեռ պաշտոնական հայտարարություններ չեն արվել:

Չկան նաև լուրջ մեկնաբանություններ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ համառորեն շրջանառվող լուրերի վերաբերյալ: Երկու շաբաթ է թուրքական ԶԼՄ-ները գրում են սահմանը բացելու պատրաստությունների մասին, ճիշտ է, որպես պայման է դրվում ղարաբաղյան կարգավորումն Ադրբեջանի շահերից ելնելով, ինչն անընդունելի է Հայաստանի ու Արցախի համար: Հնարավոր է, որ դա անընդունելի է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց Turkiye թերթում: «Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը: Ինչպես գրում է Turkiye-ն, Անկարան մտադիր է ականազերծել Հայաստանի հետ սահմանի 11,6 մլն քմ-ից՝ 4 մլն քմ-ը: Դրա համար հարկավոր է 52,4 մլն եվրո: Գումարի 75 տոկոսը կհատկացնի ԵՄ-ն, 25 տոկոսը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նախագծի շրջանակում նախատեսվում է նոր տեխնիկայով հագեցնել սահմանապահ ուղեկալները»,-գրում է թերթը:

Իսկ նախօրեին Sabah-ը գրել է, որ «պաշտոնական Երևանն արդեն բառացի խոստացել է Ադրբեջանին հանձնել երկու ազատագրված շրջան, սակայն Անկարան պահանջել է Երևանից պաշտոնապես հայտարարել այդ մասին: «Եթե Հայաստանի ղեկավարությունը նման հայտարարություն հնչեցնի, Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան՝ ՍԾՏՀ միջոցառմանը»,- գրել էր թերթը: Նշենք, որ Թուրքիային հատուկ վերջնագրերի լեզուն, որով վերջինս սովոր է խոսել, Հայաստանի դեպքում չի գործում: Դավութօղլուն, ի վերջո, Հայաստան պետք է այցելի որպես ՍԾՏՀ անդամ երկրի ԱԳՆ ղեկավար և նրա անձնական գործն է՝ մասնակցել միջոցառմանը, կամ ոչ:

Հավանաբար, նման յուրահատուկ կերպով Անկարան պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Անշուշտ ավելի լավ կլիներ, եթե Էրդողանն ու Դավութօղլուն գլուխ հանեին իրենց հռչակած «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունից: Թե չէ այնպես է ստացվում, որ խնդիրներ Թուրքիան ունի բոլոր հարևանների հետ, այդ թվում նաև Ադրբեջանի, բայց Անկարան չգիտես ինչու կարծում է, որ Երևանը շատ հեշտ կգնա զիջումների ինչպես ղարաբաղյան կարգավորման, այնպես էլ հայ-թուրքական կարգավորման հարցերում: Խոսքը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին է, այլ նաև սահմանազատման, ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցման և էլի շատ ուրիշ հարցերի մասին: Պատրա՞ստ է Թուրքիան այս ամենին, թե հետևելով Իլհամ Ալիևի օրինակին անդադար կրկնելու է «տարածքները վերադարձնելու» թեզը: Նշենք, որ Իրանը Ժնևից հետո միանգամայն այլ պետություն է և Էրդողանը ստիպված է հաշվի նստել դրա հետ, ուզում է թե չի ուզում: Իսկ եթե «Ժնև-2»-ի արդյունքում հաջողվի նաև մարել Սիրիայի պատերազմը, ապա Էրդողանի հոգսերը կավելանան, քանի որ նա «արաբական գարնան» մեկնարկից ի վեր չի կարողանում որոշել, թե ում սատարել՝ ընդդիմությանը թե իշխանություններին:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---