Շավարշ Քոչարյան. Դավութօղլուն կարող է օգտվել առիթից ու հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը

Շավարշ Քոչարյան. Դավութօղլուն կարող է օգտվել առիթից ու հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տալիս Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

«Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասել է փոխնախարարը:

Ըստ Շավարշ Քոչարյանի, Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

«Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը»,-ասել է Քոչարյանը:

Ահմեդ Դավութօղլուն Երևան կայցելի դեկտեմբերի 12-ին: Նա կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նիստին մասնակցելու նպատակով:

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը անուղղակի կերպով հաստատեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հրավիրված են Երևան նիստին մասնակցելու համար: Ըստ նրա, հրավեր է ուղարկվել ՍԾՏՀ անդամ բոլոր երկրների ԱԳ նախարարներին:

Ավելի վաղ թուրքական «Սաբահը», հայտնելով Երևանի հետ հարաբերություններ հաստատելու Անկարայի որոշ «սենսացիոն» ծրագրերի մասին, գրել էր, որ «Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերը որոշ կրեատիվ մտքերի ու գաղափարների մասին, որոնք Թուրքիան կցանկանար իրագործել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, նոր իմաստ են ստանում»: «Դավութօղլուի ԱՄՆ այցի ավարտին, ինչպես նաև Պուտինի ու Օբամայի հետ Էրդողանի քննարկումներից հետո, պաշտոնական Անկարան պատրաստել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզը:»

Մասնավորապես, ինչպես գրում է թերթը, պաշտոնական Երևանն արդեն բառացի խոստացել է Ադրբեջանին հանձնել երկու ազատագրված շրջան, սակայն Անկարան պահանջել է Երևանից պաշտոնապես հայտարարել այդ մասին: «Եթե Հայաստանի ղեկավարությունը նման հայտարարություն հնչեցնի, Ա.Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան՝ ՍԾՏՀ միջոցառմանը»,-գրում է թերթը: Բայց սա դեռ բավական չէ: Պարզվում է, «եթե հայկական զորքերն առաջին փուլում ազատեն ԼՂՀ մերձակա 7 շրջաններից 2-ը, փոխարենը կկարգավորվեն Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»: Թուրքական պարբերականը չի նշում, թե ինչ նկատի ունի «կարգավորում» ասելով:

Ավելի վաղ Today’s Zaman-ը, դիվանագիտական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Թուրքիան դիմել է աջակցության համար Շվեյցարիային, որն, ըստ Անկարայի, պետք է օգնի հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրանով իսկ ճանապարհ հարթելով Անկարայի ու Երևանի հարաբերությունների վերականգնման համար: Շվեյցարիա այցելության ժամանակ հոկտեմբերի կեսին Դավութօղլուն հայտարարեց Շվեյցարիայի պաշտոնյաներին, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Թուրք նախարարը հասկացրել է, որ Երևանը «պետք է սկզբից ազատի գրավյալ տարածքները», այսինքն իրականում մեր ազատագրված տարածքները: Ըստ Դավութօղլուի, եթե Շվեյցարիային հաջողվի համոզել Երևանին տարածքները փոխանցել Ադրբեջանին, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը: Ըստ պարբերականի, շվեյցարացի պաշտոնյաները դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Ըստ աղբյուրների թուրքական ԱԳՆ-ում, Թուրքիան մասնավորապես, մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ մինչև 2015 թվականը, այսինքն մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Թերթը մեջբերում է նաև ոմն «բարձրաստիճան թուրք պաշտոնյայի» մեկնաբանությունը, ըստ որի «Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարևան շրջանների պատճառով»: Ըստ աղբյուրի, Ադրբեջանը հայտարարել է, թե չի առարկի Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացման դեմ, եթե Երևանն «ազատի» 7 մերձակա շրջաններից առնվազն 5-ը: «Երևանը նույնպես հայտարարել է, թե պատրաստ է հեռանալ հինգ շրջաններից»,-ամփոփում է թերթը:

Ի պատասխան այս ամենի Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց. «Շինծու աղբյուրների հիմար տեղեկությունները մեկնաբանությունների կարիք չունեն»:

 Ուշագրավ
---