Փորձագետներ. Ղարաբաղն ինքնաբերաբար կմիանա ՄՄ-ին![]() 9 դեկտեմբերի 2013 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Երբ Հայաստանը պաշտոնապես դառնա Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը միավորող կազմավորման անդամ, Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո կհայտնվի Մաքսային միությունում, կանխատեսում են փորձագետները: Ինչպես հայտարարել է լրագրող և «Ռոսբալտ» լրատվական գործակալության խմբագիր Վիկտոր Յադուխան, Մաքսային միությանն Երևանի միանալուց հետո, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային անցակետեր չեն հայտնվի, ինչը փաստացի նշանակում է, որ հանրապետությունն ինքնաբերաբար միանում է այս առևտրային միությանը: Փորձագետը նշում է նաև, որ քաղաքական որոշումներ Մաքսային միությանը Ղարաբաղի անդամակցության մասին չեն լինի: «Ղազախստանն ապագայում Ադրբեջանի տարածքով էներգակիրների տարանցման հույս ունի, իսկ Բելառուսը՝ ադրբեջանական վառելիքի այլընտրանքային մատակարարումների, ուստի Մինսկն ու Աստանան դրան չեն համաձայնվի»,- հայտարարել է փորձագետը: Քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը նույնպես գտնում է, որ Ղարաբաղը պաշտոնապես չի մտնի Մաքսային միություն, սակայն փաստացի հանրապետության առևտուրը ՄՄ անդամ պետությունների հետ կգնա հատուկ պայմաններով՝ վաճառվելով «պատրաստված է Հայաստանում» ապրանքանիշով: Ինչպես ասվել էր ավելի վաղ, Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը վերջնականապես կհանգուցալուծի Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը: «Կարծում եմ՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ղարաբաղյան հարցը վերջնականապես կլուծվի հօգուտ Հայաստանի: Միակ բանը, որը դեռ Ղարաբաղի հարցում Ադրբեջանինինչ-որ հնարավորություն է թողնում, դա անդամակցումն է Եվրասիական միությանը: Այլ հնարավորություններ չկան: Կարելի է համարել, որ հարցը փակված է»,- մեկնաբանել է Աշխարհաքաղաքական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական միջազգային շարժման փոխղեկավար Վալերի Կորովինը, հայտնում է «Պրովէդ» լրատվական վերլուծական պարբերականը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանին ՄՄ-ին անդամակցելու գործընթացների հարցում։ Նրա խոսքով, այժմ նախագծվում է «ճանապարհային քարտեզը», որը կհարմարեցնի ՀՀ Սահմանադրությունը ՄՄ ու Միասնական տնտեսական գոտին կանոնակարգող իրավական համակարգին: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին Մոսկվայում՝ Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |