Յանուկովիչը Մոսկվա է մեկնում փողի հետևի՞ց![]() 17 դեկտեմբերի 2013 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Մոսկվա է մեկնում, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախապես հայտնի է միջպետական փաստաթղթերի փաթեթի ստորագրման մասին, սակայն ուկրաինական ընդդիմությունը հայտարարում է, որ Յանուկովիչի Մոսկվա մեկնելու իսկական նպատակն անհայտ է: Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում կլուծվի Ուկրաինային վարկ տրամադրելու հարցը: Գումարի չափը դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ Եվրամիության հետ բանակցություններում ուկրաինական կողմը հայտարարում էր, որ տնտեսական կայունության ապահովման համար նրանց 20-30 մլրդ եվրո կպահանջվի: Բացի այդ, նիստի ավարտին կարող է որոշվել նաև գազի նոր սակագինն Ուկրաինայի համար: «Ուկրաինական ընտրություն» շարժման առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը գտնում է, որ գինը կարող է նվազել 25 տոկոսով: Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Օլեֆիրովը նախօրեին հայտարարեց, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ փաստաթղթեր չեն ստորագրվելու: Կրեմլի մամլո ծառայությունը նշել է, որ փաստաթղթեր կստորագրվեն էներգետիկայի, տրանսպորտի, տիեզերքի, գյուղատնտեսության, ներդրումային ու միջտարածաշրջանային կոոպերացիայի ոլորտներում, հայտնում է BBC-ին: Չնայած դրան, ուկրաինական ընդդիմությունը մտավախություն ունի, որ այդ հանդիպմանը կարող են որոշումներ կայացվել, որոնք Կիևին տանում են դեպի Մաքսային միություն, ինչն ինքնաբերաբար բացառում է եվրաինտեգրման հնարավորությունը: «Ազատություն» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը նախօրեին հայտարարել է, որ իր տեղեկություններով, ռուս-ուկրաինական բանակցությունների օրակարգում ՄՄ երկրների հետ Ուկրաինայի գործակցության հարցն է: Ռադայում «Ուդառ» ընդդիմադիր կուսակցության խմբակցությունը գլխավորող Վիտալի Կլիչկոն ասել է, որ ոչ ԶԼՄ-ները, ոլ էլ երկրի բնակիչները չգիտեն, թե իրականում Յանուկովիչն ինչու է Մոսկվա մեկնում և ինչ բանակցություններ է վարելու: Երեքշաբթի ուկրաինական ընդդիմությունը մտադիր է հերթական հակակառավարական հանրահավաքն անցկացնել Կիևի կենտրոնում: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Կիևի կենտրոնում եվրաինտեգրման կողմնակիցների հանրահավաքը վերաճեց իրավապահների հետ կոշտ դիմակայության: Արդյունքում հատուկ նշանակության ուժերը սկսեցին մարդկանց դուրս մղել հրապարակից: Անցած կիրակի օրը Կիևում հերթական հանրահավաքի մասնակիցները բանաձև ընդունեցին այն մասին, որ Ուկրաինան չի կարող անդամակցել Մաքսային միությանը: «Ուկրաինայի ժողովուրդը կտրականապես արգելում է Յանուկովիչին համաձայնագիր կնքել Մաքսային միություն անդամակցելու վերաբերյալ»,-Մայդանում ընթերցել է բանաձևը «Բատկիվշչինա» խմբակցության անդամ Բորիս Տարասյուկը: Միևնույն ժամանակ Կիևում զուգահեռ ակցիայի ժամանակ ի սատարումն Վիկտոր Յանուկովիչի, կառավարամետ ուժերը հայտարարեցին, որ Ուկրաինան Մայդան չէ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |