Զանգվածային հակակոռուպցիոն ու հակակառավարական բողոքները Ստամբուլում ավարտվել են ոստիկանության հետ բախումներով: Ակցիան խաղաղ էր սկսվել, սակայն հետո բողոքավորներն իրավապահների ուղղությամբ սկսել են քարեր նետել: Նրանք ցրել են ցուցարարներին ջրցան մեքենաների օգնությամբ:
Ցուցարարները վրդովված էին իշխանության բարձրագույն ատյաններում մեծածավալ կոռուպցիայի փաստերով, հայտնում է euronews-ը:
Թուրքիայում խոշոր կոռուպցիոն սկանդալ է: Թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Ստամբուլում և Անկարայում, որի արդյունքում ձերբակալվել է 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով: Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը:
ԵՄ գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշն առաջինը հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ նրա, գործը սարքել է «պետության մեջ գործող զուգահեռ պետությունը»: «Վերջին օրերին մամուլն ու էլեկտրոնային լրատվամիջոցները մի շարք հրապարակումներ են զետեղել իշխանության բարձրագույն խավերում կոռուպցիայի հետաքննության վերաբերյալ, նշելով նաև իմ անունը»,-գրել է Բաղիշը, մեջբերում է Hurriyet Daily News-ը:
Ըստ նրա, հաղորդագրությունը հավաստի չէ և շահարկային բնույթ է կրում: «Այդ լուրերը միտումնավոր են տարածվում ու լիովին կեղծ են: Դրանք դավադրության արդյունք են»,-ասել է նա: «Զուգահեռ պետություն» տերմինը սովորոաբար օգտագործում են ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ գիտնական Ֆեթուլլահ Գյուլենի հետնորդների քննադատները: Բաղիշը հայտարարել է նաև, որ իրավական գործընթացներ է նախաձեռնել նրանց դեմ, ով «հիմարություններ է գրում ու պնդում է, որ ապացույցներ ունի փնովելու համար»: