Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ անհատական գործակցության ծրագրի հնարավորինս արագ հաստատումը

PanARMENIAN.Net - Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստի մասնակիցների պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Կարեւորելով Եվրամիության նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի հետ անհատական գործակցության ծրագրի հնարավորինս արագ հաստատումը` Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այն հնարավորություն կտա ավելի համակարգված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ եւ նպատակաուղղված առաջ շարժվել: «Զարգացման եվրոպական ուղին ընտրած Հայաստանի ապագան մենք տեսնում ենք արդյունավետ կառավարման, արդյունավետ քաղաքական համակարգի եւ տնտեսության մեջ, իսկ դրան կարելի է հասնել միայն խորը եւ լայնածավալ բարեփոխումների ճանապարհով»,-ընդգծել է երկրի ղեկավարը: Եվրոպացի հանձնաժողովականների խնդրանքով, Հանրապետության նախագահը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ Հայաստանի մոտեցումները:Շոշափվել են նաեւ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Թուրքիայի մասով Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է` մեր երկիրը պատրաստ է առանց նախապայմանների գործնական հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ: Զրուցակիցները կարեւորել են նաեւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների խորացումը, առաջիկա ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան կազմակերպումն ու անցկացումը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---