Երևանի կոնյակի գործարանի նոր տնօրեն է նշանակվել Արտակ Բարսեղյանը

Երևանի կոնյակի գործարանի նոր տնօրեն է նշանակվել Արտակ Բարսեղյանը

PanARMENIAN.Net - Այս տարվա հունվարի 1-ից Երևանի կոնյակի գործարանի նոր տնօրեն է նշանակվել Արտակ Բարսեղյանը` հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Բարսեղյանը, որ 2009 թվականի սեպտեմբերից ղեկավարում էր Երևանի կոնյակի գործարանի սեփականատեր Պեռնո Ռիկար ընկերության Ղազախստանի ներկայացուցչությունը` Pernod Ricard Kazakhstan-ը, այս պաշտոնում փոխարինելու է Արա Գրիգորյանին, որը նշանակվել է Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի փոխնախագահ:

Նոր պաշտոնի հետ համատեղ Գրիգորյանը մնալու է Երևանի կոնյակի գործարանի Խորհրդի նախագահ, ինչպես նաեւ շարունակելու է ղեկավարել Պեռնո Ռիկար Մինսկի ներկայացուցչությունը:

45-ամյա նորանշանակ տնօրեն Արտակ Բարսեղյանը Երևանի կոնյակի գործարանում սկսել է աշխատել 1998 թվականից: 2001-ին նա նշանակվել է Պեռնո Ռիկար Ուկրաինայի Ֆինանսավարչական տնօրեն, իսկ 2009-ին Պեռնո Ռիկար Ղազախստանի ներկայացուցչության ղեկավար:

Հայկական կոնյակագործության լեգենդար ավանդույթները սկիզբ են առել 1887 թվականից: 1953-ին կոնյակի արտադրությունը տեղափոխվել է այժմ հայկական մշակութային արժեք համարվող նոր կառույց` ստանալով «Երևանի կոնյակի գործարան» անվանումը, որտեղ էլ մինչ այժմ արտադրվում են Հայաստանի խորհրդանիշներից մեկը համարվող լեգենդար ArArAt կոնյակները: Պեռնո Ռիկար ընկերությունը գնել է գործարանը 1998 թվականին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---