Ապրիլի 25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի նախագահը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով ապրիլի 25-26-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության նախագահ Վալդաս Ադամկուսը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջնային խնդիրներն ու ուղղություններն, ինչպես նաեւ խթանել գիտակրթական եւ մշակութային կապերը` նոր որակ ու բովանդակություն հաղորդելով հայ եւ լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամությանը:



Ապրիլի 25-ին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վալդաս Ադամկուսի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվի ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր: Հայաստան այցի օրերին Լիտվայի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանի հետ: Վալդաս Ադամկուսին կհյուրընկալի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Երեւանի պետական համալսարանում Լիտվայի նախագահը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Վալդաս Ադամկուսը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան: Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ Մատենադարանում եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանում:
 Ուշագրավ
---