Դոնոր երկրները սիրիացի փախստականների համար մոտ 2,4 մլրդ դոլար են հավաքել![]() 16 հունվարի 2014 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Դոնոր երկրները Սիրիայի համար մոտ 2,4 մլրդ դոլար են հավաքել Քուվեյթում երկրորդ միջազգային խորհրդաժողովի արդյունքում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Ավելի վաղ Քուվեյթի շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հայտարարել է, որ 500 մլր դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, գրում է Reuters-ը: Իր հերթին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ևս երկու մասնակից՝ Քաթարն ու Սաուդյան Արաբիան, հայտարարեցին Սիրիայում հումանիտար ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորման մասին 60 մլն դոլարով յուրաքանչյուր երկրից: «Սիրիացի ժողովրդին օգնության քանակը հասել է 250 մլն դոլարի»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Իբրահիմ իբն Աբդել Ազիզ ալ Ասաֆը, որը Քուվեյթի խորհրդաժողովում ներկայացնում էր թագավորությունը: Իր հերթին Իրաքի ԱԳ նախարար Խոշիյար Զիբարին հայտարարեց 13 մլն տրամադրելու մասին: Հենց այդ արաբական երկիրն է զգալի թվով փախստականներ ընդունել իր տարածքում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը լրացուցիչ 380 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին: Քերին նշել է, որ «հարցը չեկ դուրս գրելը չէ, հարկավոր է հասցնել այդ օգնությունը ժողովրդին»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մեծ Բրիտանիան տրամադրել է լրացուցիչ 100 մլն ֆունտ (165 մլն դոլար)՝ Սիրիայի բնակչությանը օգնելու համար՝ հասցնելով իր հումանիտար աջակցությունը մինչև 990 մլն դոլար: Լոնդոնը կանոնավոր կերպով միջոցներ է տրամադրում սննդամթերքի, դեղորայքի և շարժական կլինիկաների համար: Ըստ տեղի իշխանությունների, Բրիտանիայի հումանիտար օգնությունից արդեն օգտվել է Սիրիայի մոտ 1 մլն քաղաքացի: 2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն: Սիրիայի գծով դոնորների առաջին խորհրդաժողովը տեղի ունեցավ Քուվեյթում 2013 թ. հունվարին: Այն ժամանակ Սիրիայի ժողովրդի կարիքների համար հավաքվեց շուրջ 1,5 մլրդ դոլար: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |