Ռուանի կինոփառատոնում կցուցադրվի «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմը

Ռուանի կինոփառատոնում կցուցադրվի «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմը

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Ռուանում «Հայացք աշխարհի կինոյին» կինոփառատոնում տեղի կունենա 2011 թվականի արտադրության «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիլմի ցուցադրությունը:

«Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարում է, որ ապացուցված չէ 1915 թվականին հայերի հանդեպ վայրագ դաժանությունների որակումը որպես ցեղասպանություն և այն ժխտելու համար դատապարտման անհրաժեշտությունը, Ռուանում կազմակերպում են հատուկ երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժխտման թեմային», գրում է Nouvelles d'Arménie-ին:

Ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում 2011 թվականին, ինչպես նաև այլ միջազգային կինոփառատոներում:

Մաթյե Զեյթինջիօղլուի փաստագրական ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության ուրացման թեմային: Ֆիլմի անվանումը Զեյթինջիօղլու ազգանվան թարգմանություն է: Դա թրքացված հայկական ազգանուն է, որը թույլ է տվել նրա պապին փրկվել կոտորածից: Հետաքրքրվելով այդ տարօրինակ ազգանունով, որը դարձավ նաև իրենը ամուսնությունից հետո, Աննան, որը լեհ է, որոշում է Մաթյեին տանել սեփական պատմության որոնումներին:

Իրադարձությունները տեղի են ունենում Վանում: Երիտասարդ ամուսիններին, որոնք երբեմնի այդ հայաշատ քաղաքում հայկական ներկայության հետքեր են որոնում, ասում է. «Ցավում ենք, բայց այստեղ հայեր չկան»: Դա մի ամբողջ ժողովրդի ոչնչացում է, դա ծրագրված պաշտոնական ուրացում է ոչ միայն 1915 թվականի ցեղասպանության, այլ նաև բազմադարյա պատմության՝ դա էլ հայտնաբերում են Մաթյեն ու նրա կինը՝ Աննան, Թուրքիայում անցկացրած մեղրամսի ժամանակ:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---