Փարիզում բացվել է «Արևելքի քրիստոնյաները XIX և XX դարերում» ցուցահանդեսը

Փարիզում բացվել է «Արևելքի քրիստոնյաները XIX և XX դարերում» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Փարիզի հինգերորդ շրջանում բացվել է «Արևելքի քրիստոնյաները XIX և XX դարերում» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են այն ժամանակ Երուսաղեմում քարոզող դոմինիկյան միաբանության վանականների արած 60 լուսանկարներ:

Ինչպես գրում է Le Figaro-ն, դոմինիկյան վանականները ոչ միայն քարոզիչներ էին ու աստվածաբաններ, այլ նաև լուսանկարիչներ, ինչպես հայր Անտոնին ու հայր Ռաֆայելը: Ֆոտոխցիկները տեղափոխվում էին ուղտերով, քանի որ ծանր էին: Ցուցահանդեսը նվիրված է միաբանության 800-ամյակին և կոչված է հիշեցնելու, որ դոմինիկյաններն առաքելությամբ էին գտնվում Արևելքում և օգնում էին տեղի քրիստոնյաներին: Լուսանկարները հիշեցնում են նաև Մերձավոր Արևելքում, Եգիպտոսում, Իրաքում, Պաղեստինում, Լիբանանում ու Սիրիայում քրիստոնյաների ներկայության վաղեմությունն ու բազմազանությունը: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հայոց ցեղասպանությունից հետո որբացած հայ երեխաների լուսանկարները, որոնք ապաստան էին գտել Պորտ Սաիդի որբանոցում: Այդ լուսանկարը թվագրված է 1916 թ.: Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 2-ը:

Քրիստոնյաների քանակն արաբական երկրներում մինչ «արաբական գարունը» հասնում էր 15 միլիոնի: Արևելյան քրիստոնեական եկեղեցիները տեղական ծագում ունեն և պահպանում են ինքնուրույն կարգավիճակը, այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցին: Արևելյան եկեղեցիների հետևորդները հիմնականում բնակվում են Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում:

Սիրիայում քրիստոնյաները մինչ պատերազմը կազմում էին բնակչության շուրջ 10 տոկոսը: 2011 թ. ի վեր երկրում սպանվել է շուրջ 1000 քրիստոնյա, քանդվել է 40 եկեղեցի և քրիստոնեական նշանակության այլ կառույցներ: Մոտ կես միլիոն փախստականներ են հեռացել երկրից:

Հռոմի կաթոլիկ եկեղեցին, ձգտելով տիրանալ Սուրբ հողին, XI–XIII դդ. նախաձեռնում է Խաչակրաց արշավանքներ, ստեղծում ասպետական օրդեններ (Հիվանդախնամների կամ Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնական և այլն), կրոնական միաբանություններ (Ճիզվիտական, Դոմինիկյան, Ֆրանցիսկյան, Կարմելյան և այլն): Դոմինիկյան միաբանությունը հիմնել է իսպանացի վանական սուրբ Դոմինիկը 1214 թվականին: Գլխավոր խնդիրը միաբանությունը համարում էր քարոզչությունը անհավատների շրջանում: Կաթոլիկության գաղափարական հիմքը Օգոստինոս Ավրելիոս Երանելու (IV–V դդ.), Թովմա Աքվինացու (XIII դ.) ուսումունքներն են, որոնք նույնպես սերում են այս միաբանությունից:

Բարգավաճման տարիներին միաբանության անդամների թիվը հասել է 150 000, 45 գավառներում, որից 11-ը՝ Եվրոպայից դուրս: Հետագայում նրանց դուրս մղեցին ճիզվիտները: XIX վերջում դոմինիկյաններ կային Իտալիայում, Իսպանիայում, Ավստրիայում , նրանց առաքելությունները գործում էին Ամերիկայում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---