Բաքվում կարծում են, որ ԱՄՆ-ն մտադիր է իր «կողմը քաշել» Հայաստանին ԼՂՀ օգնությամբ

Բաքվում կարծում են, որ ԱՄՆ-ն մտադիր է իր «կողմը քաշել» Հայաստանին ԼՂՀ օգնությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի փորձագետներն արդեն չգիտեն ինչ հորինեն՝ թույլ չտալու համար ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: Գործի են դրվում ամենատարբեր վարկածները: Սալեհ Ուստաջլին Minval.az-ում գրում է, որ խոսքը կարող է գնալ Հայաստանին իր կողմը գրավելու ԱՄՆ մտադրության մասին, քանի որ Հայաստանը վերջերս կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Ռուսաստան: «Չի բացառվում, որ Վաշինգտոնում որոշել են, որ եթե Ադրբեջանն ընթանում է ԱՄՆ համար ընդունելի ուղիով և ոչ մի տեղ չի գնա, ուրեմն, կարելի է Ռուսաստանին «վատություն անել» հենց իր իսկ դաշտում»,- գրում է Ուստաջլին:

Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնվել, որ ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին ոչ թե համանախագահ երկրներից որևէ մեկի քմահաճույքն է, այլ անհրաժեշտություն: Եթե Բաքուն իրոք ցանկանում է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ապա ստիպված է լինելու պայմանավորվել Ստեփանակերտի հետ: Ընդ որում՝ պայմանավորվել առանց միջնորդների:

Սակայն Ուստաջլին, այնուամենայնիվ, չի կարողանում ընդունել, որ ԼՂՀ-ն չի ենթարկվում Բաքվին, դուրս է նրա իրավասությունից, և շարունակում է կրկնել արդեն բոլորին հոգնեցրած բառերը, որ «միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից, բայց նաև դեմ է Ադրբեջանի կողմից իր տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ուժային վերականգնմանը»:

Հետաքրքիր է, ինչպե՞ս կվարվի Ադրբեջանը, եթե Գագաուզիան իրոք անկախություն հռչակի: Հաստատ կսկսի խոսել նախադեպի մասին, որը չի կարող կիրառվել Լեռնային Ղարաբաղի դեպքում, ինչպես ասվում էր Կոսովոյի անկախության հռչակման ժամանակ:

Բայց առաջ գնանք: Ըստ բաքվեցի փորձագետի, շուտով ԱՄՆ-ն կարող է աննախադեպ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ նրա համաձայնությանը հասնելու համար: «Ակնհայտ է, որ նստելով բանակցությունների սեղանի շուրջ, ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «միջանկյալ կարգավիճակ» կստանա, և, ըստ էության, ճանաչված պետություն կդառնա: Ակնհայտ է նաև, որ «ավելի մշտական ոչինչչկա, քան որևէ ժամանակավոր բան»,- նշել է հեղինակը:

Եթե Բաքվում գերադասում են համարել, որ ԼՂՀ մասնակցությունը հենց ԱՄՆ ցանկությունն է, գուցե շուտով հենց այդպես էլ լինի: Բայց պետք չէ մոռանալ ամենակարևորը՝ հակամարտության կողմերը Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանն են: Եվ հենց նրանք պետք է որոշեն իրենց ապագան, ինչի մասին էլ պայմանավորվեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Իսկ ապագան, ինչպես բազմիցս ասվել և գրվել է, բացառում է ԼՂՀ ներկայությունն Ադրբեջանի կազմում: Կարծում եմ, Բաքվում դա բոլորից լավ գիտեն, և Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները ընդամենը ստեղծված իրավիճակը փոխելու անիմաստ ճիգեր են:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---