ԵՄ խորհրդատվական խումբը 2014 թ. հետո չի աշխատի Հայաստանում

ԵՄ խորհրդատվական խումբը 2014 թ. հետո չի աշխատի Հայաստանում

PanARMENIAN.Net - ԵՄ խորհրդատվական խումբը 2014 թ. ավարտին կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում, սակայն ԵՄ-ն կշարունակի աջակցել երկրին այն ոլորտներում, որտեղ կողմերը սերտորեն համագործակցում են, հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

Եվրամիության խորհրդատվական խումբ Հայաստան գործուղելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ 2008 թվականի նոյեմբերին: Խմբի նպատակն էր խորհրդատվական աջակցություն ցուցաբերել ՀՀ պետական մարմիններին, որպեսզի երկիրն արդյունավետ իրագործի Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը:

«Խորհրդատվական խմբի գործունեության դադարեցումը կարող է մտահոգություն առաջացնել,սակայն ցանկանում եմ հայտնել, որ Եվրամիությունը պարտավորվում է շարունակել աջակցությունը Հայաստանին»,-ասել է Հրիսթեան խորհրդատվական խմբի հերթական նիստի ժամանակ:

Նա հավելել է, որ խմբի աշխատանքը Հայաստանում չափազանց արդյունավետ էր, սեղմ ժամկետում հաջողվեց զգալի առաջընթացի հասնել մի շարք ոլորտներում: Սակայն, ըստ Հրիսթեայի, որոշ խնդիրներ դեռ լուծում են պահանջում և աշխատանքային ծրագիրը, որ դեռ մինչև տարեվերջ պետք է իրականացնի խումբը, ուղղված է նաև այդ խնդիրների լուծմանը:

Իր հերթին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ արդյունավետ համագործակցությունն ԵՄ հետ շարունակվում է նաև այժմ, որի վկայությունն են իրականացվող բարեփոխումներն ու մի շարք ծրագրերի կատարումը:

Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է, իսկ համատեղ հայտարարությունը, որն արվեց Վիլնյուսում անցյալ տարվա նոյեմբերին, վկայում է լավ աշխատանքի մասին: «Մենք պատրաստ ենք շարունակել բարեփոխումներն, ուղղված Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, քանի որ այդ բարեփոխումներից առաջին հերթին կշահի մեր հանրությունը»,-ասել է Շարմազանովը:

Նա հավելել է, որ ԵՄ հետ համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվել են քաղաքական ու օրենսդրական բարեփոխումներ, ԵՄ հետ համաձայնագիր է կնքվել մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման ու ռեադմիսիայի մասին, մեծ աշխատանք է կատարվել եվրոպացի խորհրդատուների հետ:

2013 թ. վերջին եռամսյակի հաշվետվության մեջ ասվում է, որ ԵՄ խորհրդատվական խումբը խորհրդատվական ծառայություններ է տրամադրել այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, միգրացիան, ժողովրդավարական կառավարումը, պայքարը թրաֆիքինգի դեմ, վկաների պաշտպանությունը, պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում, հակակոռուպցիոն միջոցառումները:

Բացի այդ խորհրդատուների մասնակցությամբ մշակվել է այցերի կազմակերպման ու ԱԺ-ում տեղեկատվական կենտրոնի ստեղծման հայեցակարգը:

2014 թվականին խումբը կաշխատի ռազմավարական ծրագրերի ու բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել էր ՄՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու միջոցառումների ծրագիրը՝ Ճանապարհային քարտեզը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված միջոցառումների գրեթե կեսը Հայաստանն արդեն իրականացրել է: «Այսօրվա դրությամբ չկատարված միջոցառումներ չունենք, և, ըստ մեր գնահատականի, ՄՄ ճանապարհին նախատեսված աշխատանքների 50 տոկոսը Հայաստանն արդեն կատարել է»,- ասել է վարչապետը:

Photo: armenianleaders.wordpress.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---