ԱԱԽ քարտուղարը ՀԱՊԿ-ի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ու Ուկրաինայի դեպքերի մասին![]() 26 փետրվարի 2014 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ բոլոր ուղղություններով ընթանում է դրական, և Հայաստանն այդտեղ ունի լավ արդյունքներ, փետրվարի 26-ին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կարևորումը մեր երկրի համար ունի կենսական նշանակություն»,- tert.am-ի հաղորդմամբ` ասել է Բաղդասարյանը` որպես առաջիկա կարևոր խնդիրներ նշելով ՀԱՊԿ-ի հետ միացյալ ավիացիայի ստեղծումն ու ՀԱՊԿ միասնական զորքերի կարգավորումը։ 2013-ի հոկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Ռուսաստանը կօգնի ՀԱՊԿ երկրներին ժամանակակից զենքով: «ՀԱՊԿ երկրներ արդիական զենքի և սպառազինության առաքումների ծրագիրը պատրաստ է, հաստատված է մեր երկրների նախագահների կողմից,- ասել էր նա: -Կա սպառազինության հաստատված անվանական ցանկ, այժմ հստակեցվում են այդ օգնության ժամկետները»: Նա նշել էր, որ «ծրագիրը գտնվում է իրականացման փուլում» ու «հսկայական միջոցներ է պահանջում»: «Կարծում եմ, որ կարող է որոշակի ձգձգում լինել, հաշվի առնելով ՀԱՊԿ մի շարք պետությունների ֆինանսական հնարավորությունները»,- ասել էր Բորդյուժան: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային անդորրի խախտման դեպքերն` Բաղդասարյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի հետ այդ մասով Հայաստանը որևէ պայմանավորվածություն չունի. «Յուրաքանչյուր սահմանային խախտման դեպքում եթե մեզ թվում է, որ ՀԱՊԿ-ը պիտի միջոցներ ձեռնարկի, սխալվում ենք, պայմանագրում նման կետ չկա»: «Խոսքը վերաբերում է պետության դեմ զինված գործողությանը»,- պարզաբանել է նա` ընգծելով, որ նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը, ու որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովման երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: «Քանի դեռ կա դիվանագիտական պատերազմ, քանի դեռ կա Ադրբեջանի կողմից մեր պետական սահմանների նկատմամբ ոտնձգություն, նման դեպքերը շարունակվելու են»,- ավելացրել է նա: Հունվարի վերջին թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում էր հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով: Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից զոհվեց զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով: ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները մի շարք այլ հարցերի հետ քննարկվել են փետրվարի 25-ին Անվտանգության խորհրդում տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում ԱԱԽ անդամները նաև հավանության են արժանացրել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015 թվականների միջոցառումների ցանկի» նախագիծը` գրում է panorama.am-ը: ԵՄ-ն Հայաստանին պատրաստ է աջակցել 6 ուղղություններով` 160 գերակա խնդիրների լուծման կամ մեղմման համար` ասել է Բաղդասարյանը. «Մենք այսօր ՄՄ-ին անդամակցելու հայտ ենք ներկայացրել, բայց միևնույն ժամանակ հայտարարվել է շարունակել ԵՄ-ի հետ սերտ գործակցությունը»,- հավելել է ԱԱԽ քարտուղարը: Նրա փոխանցմամբ՝ ԵՄ-ի կողմից արդեն 30 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին կոռուպցիայի դեմ բարեփոխումների ոլորտում ու 40 մլն եվրո` հասարակական սեկտորին: 2013-ի նոյեմբերի վերջին Վիլնյուսում ԵՄ գագաթնաժողովին Հայաստանը պետք է նախաստորագրեր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչը սակայն տեղի չունեցավ, քանի որ ավելի վաղ` սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնգիրը չկնքելուց հետո Ուկրաինայում ծավալված իրադարձություններին անդրադառնալով` ԱԱԽ քարտուղար Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում նման զարգացումները կարող են վտանգավոր լինել, հաշվի առնելով «դարանակալած թշնամուն» ու անվտանգության առաջնայնությունը. «Կան մարդիկ, որոնք կուզենան Հայաստանում նման բան լինի, մենք պետք է հանգիստ մոտենանք նրանց, նաև պետք է հասկանանք, որ մեր երկրի համար էվոլյուցիոն զարգացումներն ավելի լավ են, քան ռեվոլյուցիոն»,- մանրամասնել է նա: Լրագրողների հետ հանդիպմանը Բաղադասրյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր համակարգ, որը նվազ հանցանք գործածներին հնարավորություն կտա այլ պատժամիջոցներով պատժվել: Ըստ ԱԱԽ քարտուղարի` Հայաստանում այսօր պատիժ է կրում 3 900 մարդ, իսկ ներդրվող համակարգի շնորհիվ նրանցից 1300-ի նկատմամբ այլ պատժատեսակ կկիրառվի, օրինակ, տնային կալանք։ Բաղդասարյանի մեկնաբանմամբ` համակարգը հնարավորություն կտա ապահովել սոցիալական արդարություն ու միևնույն ժամանակ պատժի կիրառման անխուսափելիություն: ![]() ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |