Գործադիրը մեղմում է հարկերը. Արդյո՞ք դա կօգնի փոքր ու միջին բիզնեսին 1 մարտի 2014 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Փորձելով մեղմել Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) գործունեության խոչընդոտները` Կառավարությունը փետրվարի մարտի 1-ին որոշել է նվազեցնել նրանց կողմից վճարվելիք հարկերը: Մասնավորապես, ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստում որոշվել է իջեցնել ռիելթորական կազմակերպությունների հարկային բեռն ու առևտրի ոլորտի ընկերությունների շրջանառության հարկի դրույքաչափը, հայտնում են գործադիրի մամուլի ծառայությունից: Կառավարության նախաձեռնությունը ոլորտը զարգացնելու այն բազմաթիվ քայլերից է, որ պարբերաբար ձեռնարկվում են, սակայն դրանք դեռ որևէ դրական արդյունք չեն տվել` վստահեցնում է Փոքր ձեռներեցների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը: Նրա խոսքով՝ 20 տարի է` Հայաստանում միջոցներ են ձեռնարկվում ՓՄՁ-ն զարգացնելու համար, բայց դեռևս ապարդյուն, գրում է Tert.am-ը: «Ամեն տարի ասում ենք՝ հաջորդ տարի ծաղկելու է, մի քանի հազար աշխատատեղ է բացվելու ՓՄՁ-ի հաշվին, հավատով սպասում, բայց իրականությունն այլ բան է ասում»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է նա: Ընդ որում, Փոքր ձեռներեցների հայկական միության նախագահն ընդգծում է, որ օրենսդրական բավական լավ դաշտի պայմաններում վերջին տարիներին ամեն ինչ արվել է ՓՄՁ-ները ոչնչացնելու համար: «Մարդիկ հիմնականում փոքր բիզնեսով զբաղվում էին առևտրի բնագավառում, բայց սկսեցին ջարդել դրանք: Բոլոր քաղաքապետերը զբաղվել են այդ ջարդով՝ սկսած վերջինից: Տարիներ առաջ մարդիկ դրամի փոխանակմամբ էին զբաղվում, օրենք հանեցին, որ մեծ առևտրային տարածքներում միայն կարելի է տեղադրել դրամի փոխանակման կետ»,– իրադրության պատճաներն է ներկայացել Ասլանյանը` կարևորելով Հայաստանում ՓՄՁ-ին պաշտպանող ինչ-որ մարմնի ստեղծումը: Հայաստանում բիզնեսի ակտիվության ու դրանով զբաղվելու ցանկության մասին պաշտոնական տվյալները հաստատում են Ասլանյանի ներակայցրած պատկերը: Այսպես, Կենտրոնական բանկի տվյալներով` 2013-ի ընթացքում թե գործարար ակտիվության, թե գործարար միջավայրի ցուցանիշները նվազել են: ԿԲ-ն ասում է` հայաստանյան 941 ձեռնարկությունում անցկացված հարցումների հիման վրա 0-100 բալանոց սանդղակով հաշվարկվող գործարար ակտիվության (50,1 կետ 2013-ի վերջին) և գործարար միջավայրի ցուցանիշները (50,9 կետ 2013-ի վերջին) կայունության միջակայքում են։ Ըստ մեթոդաբանության՝ 0-ին ձգտող պատասխանները նշանակում են նվազում, 100-ին ձգտողները` աճ, 50-ին՝ կայուն վիճակ։ Կայունությունը, սակայն, չի խրախուսում գործարարներին ներդրումներ կատարելու ու իրենց գործունեությունն ընդլայնելու համար: Տնտեսության չորս ճյուղի ներկայացուցիչներից 2013-ի վերջին եռամսյակում ներդրում կատարածներից ոչ բոլորն են պատրաստ նույնն անել 2014-ի առաջին եռամսյակում: Այսպես, արդյունաբերության ոլորտի կազմակերպություններից 2013 վերջին քառորդում ներդրումներ է կատարել 32 տոկոսը, 2014-ի առաջին քառորդում պատրաստ է` 27 տոկոսը, շինարարական ընկերությունների 17,8 տոկոսից` 11-ը, առևտրականների 21,4 տոկոսից` 20,8-ը, ծառայությունների ոլորտում՝ 15,3 տոկոսից 15-ը: Որպես ներդրումներ չանելու պատճառ` ընդլայնման խոչընդոտ, արդեն երկու տարի շարունակ գործարաները նշում են ներքին պահանջարկի կրճատումը։ Խոչընդոտներից են նաև հարկային օրենսդրությունն ու ներքին մրցակցությունը։ Ավելին, բիզնեսները ոչ միայն չեն ընդլայնվում` դրանք փակվում են: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012-ին Հայաստանում գործում էր 19 հազար 22 մանրածախ առևտրի օբյեկտ, 2013-ին` 17 հազար 91, այսինքն` գրեթե 2000-ով պակաս: Մասնավորապես, մեկ տարվա ընթացքում փակվել է ավելի քան 1500 խանութ ու 400 կրպակ: Նույն աղբյուրի համաձայն`անցած տարի 2012-ի համեմատ, նվազել են հացի, ձվի, հավի մսի, շաքարավազի, կարագի, էլեկտրաէներգիայի, բենզինի և այլ կարևոր կամ ռազմավարական նշանակության ապրանքների սպառման ծավալները: Փետրվարի 15-ին ներկայիս խորհրդարանում ժողովրդի վստահությամբ երկրոդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Հայաստանում առկա լուրջ տնտեսական խնդիրներին անդարդառնալով, կարևորել էր, որ անհատական փոքր բիզնեսով զբաղվողներն ունենան հարկային արտոնություններ և ազատվեն ավելորդ քաշքշուկներից: Ծառուկյանը բերել էր տաքսիստների, վարսավիրների, ատամնաբույժների, ընտանեկան բիզնեսների օրինակը. «Սկզբունքը մեկն է՝ փոքր բիզնեսը պետք է ազատվի անիմաստ հարկերից ու իշխանության հետ գործ ունենալուց: Հարկային ու այլ ստուգող կազմակերպությունները տարբեր բնույթի խորամանկություններով չպետք է ճնշումներ գործադրեն կրպակների, փոքր խանութների, վարսավիրանոցների և նմանատիպ այլ օբյեկտների վրա»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |