Մոսկովյան դատարանը որոշեց՝ «Նաիրիտից» 25 մլն դոլար կբռնագանձվի![]() 11 մարտի 2014 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քիմհսկա «Նաիրիտ գործարան» ընկերությունից 25 մլն 183 հազար ԱՄՆ դոլար կբռնագանձվի։ Որոշումն իր մարտի 11-ի նիստում ընդունել է Մոսկվայի արբիտրաժային դատարանը։ Հայցը ներկայացրել էր ԱՊՀ Միջպետական բանկը։ «Նաիրիտ»-ը Միջպետական բանկի կողմից 2006-ին Rhinoville Property Limited-ին (որին պատկանում է «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը) տրամադրած 70 մլն դոլար վարկի երաշխավորողն է, գրում է «Սիվիլնեթ»-ը՝ հղում անելով Rapsinews.ru-ին։ Բանկի ներկայացուցիչը դատարանում նշել է, որ Rhinoville Property Limited-ը 2010-ի հունվարից դադարել է վարկի սպասարկումը։ Արբիտրաժային դատարանի նիստին նշվել է՝ քանի որ գործարանը վարկի երաշխավորողն էր, բանկը պահանջել է գանձել 16,763 մլն դոլարի տոկոսավճարներ և 8,419 մլն դոլարի տույժեր։ Դատական նիստն անցել է պատասխանող կողմի բացակայությամբ։ Բանկի ներկայացուցիչը դատարանում նշել է, որ Rhinoville Property Limited-ը 2010-ի հունվարից դադարել է վարկի սպասարկումը։ Հունվարի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր ԱՊՀ Միջպետական բանկի՝ 107,95 մլն դոլարի հայցը «Նաիրիտ գործարանի» հիմնական բաժնետեր, Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited ընկերության դեմ՝ վարկային պարտավորությունները չկատարելու համար։ ԱՊՀ Միջպետական բանկը Հայաստանի կառավարության միջնորդությամբ 2006-ին Rhinoville Property Limited ընկերությանը $70 մլն-ի վարկ էր տրամադրել՝ 5,3 տարի մարման ժամկետով (մինչև 2011-ի դեկտեմբերի 27-ը) և տարեկան 12,5% տոկոսադրույքով։ Վարկից $39 մլն-ն ուղղվել է «Նաիրիտ գործարանի» 90% բաժնետոմսերը Հայաստանի կառավարությունից ձեռքբերեմանը, $12,8 մլն-ը՝ գործարանի շրջանառու միջոցների համալրմանը, $18,2 մլն-ը՝ արդիականացմանը։ Թեև Rhinoville Property Limited-ը մինչև 2011-ի դեկտեմբերի 27-ը չէր կատարել իր վարկային պարտավորությունները և «Նաիրիտի» 90% բաժնետոմսերը շարունակում էին գրավադրված մնալ ԱՊՀ Միջպետական բանկում, օֆշորային այս ընկերությունը մնում է քիմիական հսկայի հիմնական բաժնետերը։ Եվս մեկ դատական գործ «Նաիրիտի» դեմ այժմ կա Հայաստանում։ Իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը 2013-ի նոյեմբերի 19-ին դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարանին» սնանկ ճանաչելու պահանջով։ Մոտ երեք տարի պարապուրդում գտնվող «Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է ավելի քան $150 մլն, որից միայն $100 մլն-ը՝ ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ պարտավորություններն են։ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ: 2006-ին ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել էր Rhinoville Property Limited բրիտանական կոնսորցիումին, բաժնետոմսերի մնացած 10 տոկոսը Հայաստանի կառավարությանն է: 2010-ի ապրիլից արտադրությունը գործարանում դադարեցվել է: Տարեվերջին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ ռուսական «Ռոսնեֆտը» մտադիր է ներդրումներ անել Հայաստանում նոր գործարանի կառուցման համար: Ըստ գործադիրի ղեկավարի, բանակցությունները շարունակվում են, քանի որ երկրորդ փուլը վերաբերում է «Նաիրիտին»: Արդեն փետրվարի 11-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել էր, որ «Ռոսնեֆտը» լրջորեն ուսումնասիրում է Հայաստանում կաուչուկի գործարան հիմնելու հարցը: 2013-ի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «Պիրելի Թահր Ռուսիա» և «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում փոխըմբռնման մասին հուշագիր էին ստորագրել կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ: Փետրվարի 24-ին Սոչիում ՀՀ ու ՌԴ վարչապետներն անդրադարձել էին «Ռոսնեֆտի» ներդրումային ծրագրերին: «Լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի՝ կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին հաշվետվությունը: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել մոտ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել էր վարչապետը: Իմիջիայլոց, պարբերաբար գործարանի աշխատակիցները բողոքի ցույցերի են դուրս գալիս՝ պահանջելով վճարել ամիսներ շարունակ կուտակված իրենց աշխատավարձերը։ Նաիրիտցիների վերջին խոշոր բողոքի ակցիան փետրվարի 12-ին էր, երբ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը նորից նույնն էր՝ վճարել 15 ամիս շարունակ կուտակված աշխատավարձը, ինչպես նաև ներկայացնել գործարանի վերագործարկման և աշխատակիցներին աշխատանքով ապահովելու ժամանակացույցը: Կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանն առաջարկել էր միասին գնալ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ու հարցը քննարկել նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Բայց առաջարկը զայրացրել էր նաիրիտցիներին՝ ասել էին, թե նախարարի հետ մի շարք հանդիպումներ են ունեցել, որոնք «կոնկրետ արդյունք չեն տվել»: «Նաիրիտում» աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն: Գործարանը մոտ 4 տարի պարապուրդի է մատնված, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք: Քիմհսկայի աշխատակիցների պահանջն էր հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կարճատև բանակցություններից հետո «Նաիրիտի» մի քանի աշխատակից համաձայնել էին հանդիպել նախարարին: Արմեն Մովսիսյանը նրանց խոստացել էր մեկ ամսվա աշխատավարձ վճարել: Գործարանի հետագա ճակատագրի մասին նա աշխատակիցներին հստակ բան չէր ասել, միայն նշել, որ «Ռոսնեֆտ»-ի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ գործարանի հետագա գործարկման հարցը կախված է հենց այդ ընկերությունից: Այդպիսով, իրենց բավարարող պատասխանը չստանալով, ցուցարարներն ուղևորվել էին Բաղրամյան 26` իրենց դիմում-բողոքը հանձնելու ՀՀ նախագահին: Գործարանի աշխատակիցների գրավոր պահանջներին նախագահականում խոստացել էին պատասխանել առավոտյան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |