Ամերիկացի պատմաբանն Էրդողանին կոչ է անում սբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել

Ամերիկացի պատմաբանն Էրդողանին կոչ է անում սբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել

PanARMENIAN.Net - Տեղեկություն է տարածվել, որ թուրքական կաբինետում քննարկվում է Ստամբուլի սբ Սոֆիայի տաճարն աստիճանաբար գլխավոր մզկիթի վերածելու հարցը։ Ամերիկացի պատմաբան ու արաբագետ Ալեքս Վարյանը հիշեցնում է, որ Հռոմում սբ Պետրոսի տաճարի կառուցումից առաջ սբ Սոֆիայի տաճարն ավելի քան հազար տարի Կոստանդնուպոլսի քրիստոնեական ամենամեծ տաճարն էր։ «Էրդողան, ձեռքերդ հեռու սբ Սոֆիայի տաճարից։ Թուրքերը դրա պատերը ծեփամածիկով են պատել՝ փակելով խճանկարներն ու որմնանկարները, ու այն միայն XX դարում է հեռացվել՝ աշխարհին ներկայացնելով բյուզանդական արվեստի գլուխգործոցները։ 1935-ին սբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ է ստացել, 1985-ին ընդգրկվել ՅՈւՆՈՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում»,- նշում է պատմաբանը։

«Հունաստանն արդեն հայտարարել է՝ աշխարհում ամենամեծ քրիստոնեական տաճարը մզկիթի վերածելու թուրքական կառավարության հերթական փորձը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, ու ոչ միայն հույների կողմից, այլև ամբողջ քրիստոնեական աշխարհի։ Սբ Սոֆիայի տաճարը ոչ թե Թուրքիային է պատկանում, այլ համաշխարհային քաղաքակրթությանը, որի մի մասն է նաև մահմեդական աշխարհը։ Համաշխարհային հանրությանը, աշխարհին բավարարում է տաճարի այսօրվա թանգարանի կարգավիճակը, որը հասանելի է բոլորին, չնայած կրոնական պատկանելիությանը»,- պատմաբանը մեջբերում է Al Jazeera-ի տարածած հույների հայտարարությունը։

Այժմ համաշխարհային իրադարձությունների ստվերում, որոնցից շատերը ստեղծվում ու ուռճացվում են արհետսականորեն, եվրոպական հասարակական կազմակերպություններն արդեն առաջին անգամ չէ, որ դիմել են Եվրախորհրդարան՝ խնդրելով Թուրքիային կոչ անել մեկընդմիշտ հրաժարվել նման գաղափարից։ Աշխարհը պառակտելու ամենաճիշտ տարբերակը քրիստոնյաների ու մահմեդականների համեմատաբար խաղաղ գոյակցությունում խնդիր առաջացնելն է։ Ամենամեծ քրիստոնեական տաճարը մզկիթ դարձնելը կարող է հենց դրան հանգեցնել։

Վերլուծաբանները կարծում են, որ Էրդողանն ամեն անգամ դարակից հանում է «Սբ Սոֆիան մզկիթ դարձնելու նախագիծը», երբ սեփական ազգի հետ խնդիրներ են ծագում։

«Այսօր դա կատարվում է տնտեսական ու քաղաքական խնդիրների ֆոնին։ Տնտեսականների մեջ ճգնաժամից հետո Եվրոպայի դանդաղ վերականգնման պատճառով արտահանման կտրուկ անկումն է․ քաղաքականներից է, որ ԵՄ-ն չի ցանկանում Թուրքիային տեսնել իր շարքերում»։

Ու «Էրդողանը չգիտես ինչու որոշել է՝ սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նախագիծը թույլ կտա թուլացնել հասարակությունում լարվածությունը։ Բայց աշխարհն ասում է՝ Էրդողան, չփորձես ձեռք տալ Սոֆիայի տաճարին․ լուծիր խնդիրներդ այլ ճանապարհով»,- գրում է Ալեքս Վարյանը, տեղեկացնում է StopNews-ը։

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան է, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Bյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս` թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացուկողմից: 453-ի մայիսի 30-ին թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, ու հենց հաջորդ օրն այդ սքանչելի տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդպիսին մինչև 1935-ը, երբ վերածվեց թանգարանի։

2007-ին ամերիկյան քաղաքական ու հասարակական մի շարք գործիչներ կազմակերպեցին շարժում՝ տաճարին իր նախնական կարգավիճակը վերադարձնելու նպատակով: Նրանց նպատակն էր դադարեցնել անարգի ամենօրյա դրսևորումներն այս պատմական, մշակութային և ճարտարապետական գլուխգործոցի նկատմամբ, քանի որ տաճարի տարածքում՝ Մայր Եկեղեցում, վարում էին առևտրային տոնավաճառներ և ազգային համերգներ ու զվարճություններ: Միջազգային շարժման խորհրդի նախագահ Քրիս Սպիրուն պահանջեց տաճարին վերադարձնել քրիստոնեական եկեղեցու կարգավիճակը, ինչն այն ունեցել է ի սկզբանե և հիշեցրեց, որ այն երբեք թանգարան չի եղել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---