ԵԽԽՎ-ում բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

ԵԽԽՎ-ում բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մարտի 16-ին Փարիզում մասնակցել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել է ռազմական կոնֆլիկտների և սառեցված հակամարտությունների ժամանակ անհայտ կորածների և գերիների խնդիրը։

Հայ պատվիրակը ելույթ է ունեցել` նշելով իր ուրախությունն առ այն, որ Վեհաժողովը սկսել է առավել հաճախ անդրադառնալ տարբեր ռազմական կոնֆլիկտների, սառեցված հակամարտությունների ժամանակ անհետ կորածների, գերիների խնդիրներին, գրում է «Առավոտը»։

«Մենք իրավունք չունենք ասելու, թե այդ հարցերով զբաղվում է Կարմիր Խաչը և մենք անելիք չունենք։ Սա շատ վտանգավոր թեզ է, որովհետև մեր կառույցի հիմնարար սկզբունքներից մեկը հենց մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Մասնավորապես, գերիների, ռազմագերիների խնդրով զբաղվելու հարցում ես բնավ չեմ ուզում կասկածի տակ առնել Կարմիր Խաչի իրապես կարևոր առաքելությունն ու գործունեությունը, սակայն, եկեք լինենք անկեղծ՝ միշտ չէ, որ Կարմիր Խաչի ջանքերը անհրաժեշտ չափով արդյունավետ են լինում, որովհետև Կարմիր Խաչը, օրինակ, կարող է բախվել մի այնպիսի պետության իշխանության գործելաոճի հետ, ինչպիսին Ադրբեջանն է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Նա պատմել է երկու շաբաթ առաջ Կարմիր Խաչի ջանքերով Ադրբեջանից Հայաստան վերադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մասին, որը, մոլորվելով տեղանքում, գերի էր ընկել Ադրբեջան. «Ես անկարող եմ անգամ նկարագրել, թե ֆիզիկական և հոգեբանական ինչպիսի կտտանքների են Ադրբեջանում ենթարկել հայ ծերունուն։ Նա հայրենիք է վերադարձվել հրազենային վնասվածքով, բազմաթիվ կոտրվածքներով, առ այս պահը գրեթե որևէ մեկին չի ճանաչում և բժիշկները այժմ պայքարում են Մամիկոն Խոջոյանի կյանքի համար։ Այդ ի՞նչ պիտի աներ 77-ամյա ծերունին, որ նրան այդպես խոշտանգեին»:

Զոհրաբյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում ռազմական գերության մեջ է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ինչպես նաև` քաղաքացիական այլ անձինք։ Նա նշել է, որ Ադրբեջանը, ի վերջո, ԵԽ անդամ երկիր է և կան բոլոր լծակները՝ այդ երկրից պահանջելու հարգել իր իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներն ու առաջին հերթին` Ժնևյան կոնվենցիան։

«Ես ուզում եմ կոնկրետ առաջարկով հանդես գալ՝ եկեք ընդլայնենք ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի մանդատը, որպեսզի նա անմիջական իրավասություն ունենա Կարմիր Խաչի հետ համատեղ զբաղվելու ռազմագերիների, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց խնդիրներով։ Կրկնում եմ, պետք չէ ասել, թե դա բացառապես Կարմիր խաչի գործն է։ Դա նաև մեր գործն է և մենք իրավունք ունենք, որպես ԵԽԽՎ օրենսդիրներ, զբաղվելու ԵԽ տարածքում անհայտ կորածների, գերիների խնդիրներով։ Ես առաջարկում եմ նաև Կարմիր Խաչի հետ համատեղ նիստ գումարել՝ քննարկելու ԵԽ անդամ երկրներում այսօր տիրող իրավիճակն այդ հարցում»,- ԵԽԽՎ նիստում ասել է բանախոսը:

Նաիրա Զոհրաբյանը հունվարի 28-ին տեղի ունեցած ԵԽԽՎ նիստում ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ելույթի ժամանակ հիշեցրել էր` Հակոբ Ինջիղուլյանի` արդեն մի քանի ամիս Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվելու մասին, ինչին ի պատասխան Յագլանդն ասել էր. «Ինձ համար մի քիչ դժվար է կոնկրետ այդ դեպքի համար որևէ մեկնաբանություն անելը, սակայն մենք աշխատում ենք Կարմիր Խաչի հետ և պաշտպանում ենք նրանց քայլերը: Ցավոք սրտի, հակամարտություններով զբաղվելը մեր կառույցի իրավասության մեջ չէ և կողմերից որևէ մեկը մեզ չի դիմել, որ մենք զբաղվենք այդ հակամարտությամբ: Սակայն, մենք պետք է անենք հնարավորը, որ ԵԽ անդամ երկրները կարողանան լուծել վիճահարույց հարցերը»:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները մարտի 12-ին այցելել են Ադրբեջանում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներին` ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, ինչպես նաև` Արսեն Խոջոյանին ու 5 անդամից բաղկացած հայկական ընտանիքին: Տեսակցման ընթացքում տեղի է ունեցել ընտանեկան բովանդակությամբ նամակների փոխանակում:

Մարտի 7-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն էր տարածվել, որ «Թովուզի շրջանում, երկաթգծի մոտակայքում» հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ՀՀ ևս մեկ քաղաքացի է ձերբակալել։ Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովն ասել էր, որ Հայաստանի քաղաքացին 20-22 տարեկան է։ Նրա խոսքով, ձերբակալվածին, ով հայերենից բացի այլ լեզու չգիտի, տեղափոխում են Բաքու։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվականները սկսեցին գրել, որ ձերբակալվածը 1991-ին ծնված Արսեն Խոջոյանն է։

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը տեղեկացրել էր, որ գյուղում այդ անուն ազգանունով երիտասարդ է բնակվում, որի գտնվելու վայրն այժմ անհայտ է։ Նա հունվարի 28-ին Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի բարեկամն է, ում ադրբեջանական իշխանությունները Կարմիր խաչի միջնորդությամբ մարտի 4-ին վերադարձրել էին: Ըստ շրջանառվող տարբերակներից մեկի, երիտասարդն ուժեղ մառախուղի պատճառով մոլորվել էր։Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալված հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդի» մասին։

Պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել: Վնասվածքների ու կոտրվածքների մասին ադրբեջանական լրատվականներում ավելի վաղ խոսք անգամ չէր եղել, ինչը վկայում է, որ դրանք ձեռք են բերվել գերությունում գտնվելու ժամանակ։ Մարտի 7-ին ծերունուն Իջևանի հիվանդանոցից բերել էին Երևան՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանումնք։ Մարտի 10-ին հայտնի է դարձել, որ Խոջոյանն արդեն վնասվածքաբանության բաժանմունքում է: Ինչպես ասել է վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օռլովը, ի տարբերություն սկզբնական շրջանի նա արդեն շփվում է հարազատների հետ, ինչպես նաև պատասխանում բժիշկների հարցերին Իսկ կվիրահատեն արդյոք Խոջոյանին, թե՝ ոչ, կորոշեն վնասվածքաբանները:

Բժշկական կենտրոն հիվանդին տեղափոխելուց անմիջապես հետո կազմվել էր հետազոտման պլան: Կատարվել էին կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև գլխի համակարգչային շերտագրում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---