«Airbus» կոնցեռնի փորձագետների խումբը ժամանել է Ա-320 վթարի վայր

PanARMENIAN.Net - «Airbus» եվրոպական կոնցեռնի փորձագետները կաջակցեն ավիավթարի հանգամանքների հետաքննությանը, որը տեղի է ունեցել Սոչիի մերձակայքում, ուր մայիսի լույս 3-ի գիշերը վթարի է ենթարկվել հայկական «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռը: Վեց հոգուց կազմված փորձագետների խումբը ժամանել է ավիավթարի վայր: Չի բացառվում, որ նրանց կմիանան «Airbus»-ի մոսկովյան ներկայացուցչության աշխատակիցները: Ավելի վաղ հաղորդվել է, որ վթարի ենթարկված Ա-320-211 ինքնաթիռը կառուցվել է արեւմտաեվրոպական «Airbus» ինքնաթիռաշինական կոնսորցիումի կողմից 1995 թվականին եւ լիզինգի է վերցվել 2004 թվականին Vermille International Services B.V. միջազգային ընկերության կողմից: Մինչ լիզինգի փոխանցելը լայները տեխնիկական սպասարկում եւ վերազինում է անցել Բորդոյում (Ֆրանսիա):

Ինչպես ընդգծել են կոնցեռնի կենտրոնակայանում, «Airbus»-ն ըստ միջազգային կոնվենցիաների, գործելով ֆրանսիական Ավիավթարների հետաքննության եւ վերլուծության բյուրոյի միջոցով, լիակատար տեխնիկական աջակցություն կցուցաբերի Ռուսաստանի իշխանություններին, որոնք պատասխանատու են արտակարգ պատահարի հանգամանքների հետաքննության համար, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---