Ուկրաինայի դեսպանը Ղարաբաղի, վիզային ռեժիմի ու Ղրիմի հարցով Կիևի դիրքորոշման մասին![]() ![]() PanARMENIAN.Net - Ղրիմում անցկացված հանրաքվեի մասին Հայաստանի նախագահի՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայկական կողմի արտահայտած դիրքորոշման մասին տեղեկատվությունը փոխանցվել է Ուկրաինայի ԱԳՆ: Զերծ մնալով լրացուցիչ մեկնաբանություններից՝ մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան միայն նշել է, որ յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք ունի: Նախօրեին հայկական կողմի նախաձեռնությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը: «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային խորհրդաժողովի ժամանակ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը ցավով է խոսել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին։ Նա, մասնավորապես, ասել է. «Ցավալի է, որ Հայաստանը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ նման հայտարարություն է արել»,- ասել է նա՝ առանց հստակեցնելու, թե «նման»` ինչպիսի, գրում է Panorama.am-ը: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ղարաբաղի դիրքորոշմամբ պայմանավորված հայ-ուկրաինական հարաբերությունների ապագային, ապա դեսպան Կուխտան հավաստիացրել է, որ այդ հարաբերությունները բոլոր մակարդակներով լավ են զարգանում։ «Կարծում եմ՝ հիմա էլ կան այդ հարաբերությունների բարելավման հեռանկարներ», - հավելել է դեսպանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է և այսօր էլ անփոփոխ է, ասել է դիվանագետը․ «Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»: Դեսպան Կուխտայի խոսքով, «այսպես կոչված Ղրիմի հանրաքվեն» անցել է Ուկրաինայի սահմանադրության խախտմամբ: Անդրադառնալով Ուկրաինայի` Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) լքելու որոշմանը` դեսպանը նշել է, որ Ուկրաինան «իմաստ չի տեսնում մնալ մի կազմակերպության կազմում, որն օգուտ չի տալիս»: «Այսքան ժամանակ ԱՊՀ պետությունների արտգործնախարարները ժամանակ չեն գտնում հանդիպելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար և այս դեպքում նման կազմակերպության մաս կազմելն անիմաստ է»,- ասել է Կուխտան` հույս հայտնելով, որ հակամարտությունը կլուծվի Ուկրաինայի օրենքներին համապատասխան: Այդուհանդերձ, դեսպանը կարծիք է հայտնել, որ ԱՊՀ-ից դուրս գալու դեպքում Ուկրաինայի և Հայաստանի միջև վիզային ռեժիմ չի սահմանվի: Կուխտան նաև նշել է, որ Ղրիմը շարունակում է մնալ Ուկրաինայի կազմում։ «Քանի դեռ Ուկրաինայում սահմանադրական փոփոխություններ չեն իրականացվել` Ղրիմը կշարունակի Ուկրաինայի մաս կազմել»,- ասել է նա` նշելով, որ միջազգային բոլոր կազմակերպությունները և արևմտյան գերտերությունները հայտարարել են, որ Ղրիմում գործընթացներն «իրականացվում են Ուկրաինայի Սահմանադրության խախտմամբ», գրում է «Սիվիլնեթ»-ը: Իսկ մինչև այդ ուկրաինական «Սվոբոդա» խմբակցությունը կոչ է արել Հայաստանից և Ղազախստանից հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին, կամ էլ երկու երկրի ներկայացուցիչներին հրավիրել իրենց ԱԳՆ՝ Ղրիմի հանրաքվեն ճանաչելու վերաբերյալ տեղեկատվության մասին բացատրություն տալու, գրում է «Վեստի»-ն։ «Որոշ երկրներ սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն։ Մասնավորապես, տեղեկություններ կան Ղազախստանի ու Հայաստանի մասին։ Դա անթույլատրելի է։ Պահանջում ենք շտապ հետ կանչել այդ երկրներում դեսպաններին, կամ արտգործնախարարություն կանչել՝ բացատրություն տալու»,-ասել է խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը։ Ղրիմում հանրաքվեի արդյունքերն արդեն ճանաչվել են մի շարք երկրների կողմից, այդ թվում՝ Սիրիայի, Ղազախստանի, Արգենտինայի ու Հայաստանի։ Մարտի 16-ին Ղրիմում անցած հանրաքվեի հարցաթերթիկների 100% մշակումից հետո հայտնի էր դարձել, որ Ղրիմի` Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին է քվեարկել ընտրողների 96.77%-ը: Քվորումը կազմել էր 82,71%: Ղրիմում ընտրատեղամասեր էին եկել ընտրողների 81,36%-ը, Ստավրոպոլում` 89,51%: Մարտի 17-ին Գերագույն խորհուրդն արտահերթ նիստում ընդունել էր «Ղրիմի անկախության մասին» որոշում` թերակղզին հայտարարելով անկախ ինքնիշխան պետություն՝ Ղրիմի Հանրապետություն։ Մարտի 18-ին Մոսկվայում ՌԴ կազմում Ղրիմն ու Սևաստոպոլը ներառելու մասին համաձայնագիր էր ստորագրվել։ Փաստաթուղը ստորագրել էին նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի ղեկավարներն ու Սևաստոպոլի քաղաքապետը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |