Երևանը պատասխանել է Կիևին. Ինքնորոշման իրավունքի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է![]() 22 մարտի 2014 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով: Հանդիպմանը փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը: Մարտի 22-ի դրությամբ` Իվան Կուխտան Հայաստանում է և գնացել է աշխատանքի, գրում է Tert.am-ը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեյթի Լիչը, մեկնաբանելով Ղրիմի իրադարձությունները և դրանց առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը, ասել է, որ իրենք մտահոգված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտություններից: «Չկա որևէ կետ, որ մենք Ղրիմի հանրաքվեն համարենք ազատ կամարտահայտման դրսևորում»,- նշել է նա: Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Դանիլո Լուբկիվսկին հայտարարել է, որ Հայաստանից պահանջում են վերանայել Ղրիմի հարցով դիրքորոշումը. «Հիասթափված ենք Հայաստանի դիրքորոշմանը վերաբերող տեղեկություններից։ Այսօր, ինչպես և երեկ, հրավիրել ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանին, նրան փոխանցել մեր մտահոգությունները։ Հայաստանում մեր դեսպանատանը համապատասխան կարգադրություններ ենք տվել։ Այսօր հայկական կողմին նոտա ենք հղել, որտեղ դիմում ենք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը պարզաբանելու համար»,- նշել է նա։ Լուբկիվսկին հավելել է, որ Ուկրաինան դիմում է Հայաստանին՝ կոչ անելով մոտ ժամանակներս հայտարարել, որ երկիրը չի ընդունում Ղրիմի անեքսիան։ Ուկրաինան խորհրդատվությունների համար Կիև է կանչել ՀՀ-ում իր դեսպան Իվան Կուխտային: Մարտի 19-ին հայկական կողմի նախաձեռնությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը: Մարտի 20-ին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան մամուլի ասուլիսին նշել էր, որ յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումն արտահայտելու իրավունք ունի, բայց երկրի ԱԳՆ արդեն փոխանցվել են հայկական կողմի դիրքորոշումների մասին տեղեկությունները: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ղարաբաղի դիրքորոշմամբ պայմանավորված հայ-ուկրաինական հարաբերությունների ապագային, ապա դեսպան Կուխտան հավաստիացրել էր, որ այդ հարաբերությունները բոլոր մակարդակներով լավ են զարգանում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը հստակ է և անփոփոխ, ասել էր դիվանագետը․ «Ուկրաինան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում»: Ղրիմում հանրաքվեի արդյունքերն արդեն ճանաչվել են մի շարք երկրների կողմից, այդ թվում՝ Սիրիայի, Ղազախստանի, Արգենտինայի ու Հայաստանի։ Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |