ՍԴ-ն ասում է՝ պարտադիր կուտակայինը դեռ ուժի մեջ է, ՍԴ դիմող կողմը՝ որ ամեն ինչ կախված է քաղաքացուց

ՍԴ-ն ասում է՝ պարտադիր կուտակայինը դեռ ուժի մեջ է, ՍԴ դիմող կողմը՝ որ ամեն ինչ կախված է քաղաքացուց

PanARMENIAN.Net - Թյուրիմացություն է կարծել, թե ՍԴ որոշմամբ պարտադիր բաղադրիչը վերացվել է՝ բաղադրիչը չի վերացվել, ու մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացիները պարտավոր են այն վճարել։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ապրիլի 2-ի երեկոյան ասել է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ հավելելով, որ քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր վճարները:

PanARMENIAN.Net ին մեկնաբանելով դատավոր Թոխյանի խոսքը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նախ նշեց, որ ՍԴ անդամի ելույթը երեկ լսել է «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում, որտեղ նա նաև ասել է, թե 5 տոկոսները մարդու կամքին հակառակ չեն կարող գանձվել, ինչը համապատասխանում է ՍԴ որոշման եզրափակիչ մասին։ Այսինքն, իրավապաշտպանի խոսքով, քաղաքացու ցանկությանը հակառակ գործատուն իրավունք չունի պահել այդ գումարը։ Զեյնալյանը մեջբերեց ՍԴ որոշման 6-րդ կետը, որն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։ Դրանում ասվում է հետևյալը․

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ այս որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում՝ այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան»։

«Այսինքն, լրացուցիչ 5 տոկոս չեն կարող պահել, եթե մարդը չի ուզում, որ այն ուղարկվի ֆոնդերին, որովհետև դա հակասում է մարդու իրավունքներին, ինչը նաև ասում էր Թոխյանն «Արմնյուզ»-ի եթերում։ Մինչև նոր իրավակարգավորումներ ընդունելը մարդկանց կամքին հակառակ այդ պահումները չեն կարող արվել, իսկ հետո, երբ նոր իրավակարգավորումներ մտնեն, կքննարկենք այդ նոր կուտակային համակարգը, բայց սա արդեն ուղղված է ապագային»,- եզրափակեց Զեյնալյանը։

Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչեց։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց ՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Կառավարության ապրիլի 3-ի նիստին ՍԴ որոշմանն անդրադարձել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, թե կուտակային կենսաթոշակային համակարգը մինչև սեպտեմբերի 30-ն ուժի մեջ է։ Վարչապետի խոսքով, Բարձր դատարանը կենսաթոշակային համակարգի որոշ դրույթներ հակասահմանադրական է ճանաչել, բայց քանի դեռ օրենքում փոփոխություններ չեն եղել` հունվարի մեկից ուժի մեջ մտած կենսաթոշակային օրենքը գործելու է ու թե քաղաքացիները, թե տնտեսվարողները պետք է առաջնորդվեն դրանով:

Գործադիրի ղեկավարի խոսքով, բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ կձևավորվի աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունները, ինչպես նաև ԿԲ-ն: Աշխատանքների արդյունքում Ազգային ժողով կներկայացվի օրենսդրական փաթեթ, հաշվի կառնվեն բոլոր նորմերը, որոնք սահմանված են ՍԴ որոշմամբ:

Բացի այդ, Տիգրան Սարգսյանը քաղաքացիական ակտիվիստներին նորից գործակցույթան կոչ է արել, այս անգամ կուտակային համակարգի օրենսդրության շտկման համար.

«Ակնկալում ենք երկխոսության սկիզբ»,- նշել է վարչապետը, գրում է «Այսօր»-ը:

«Եթե ՍԴ-ն ժամանակ է տվել մինչև սեպտմբերի 30-ը, ուրեմն օրենքը պիտի աշխատի մինչև այդ վերջնաժամկետը, մինչ այդ հակասահմանադրական նորմերը պիտի վերանայվեն»,- ասել է նա՝ հարցնելով արդարադատության նախարար Թովմասյանից, թե արդյոք ճիշտ է հասկանում։

Նախարարի խոսքով, մինչև ուժը կորցնելն օրենքը համարվում է սահմանդրական.

«Այն պահին, երբ փոփոխությունները կկատարվեն, կմտնեն ուժի մեջ նոր կարգավորումները»,- նշել է արդարադատության նախարարը:

Մեկնաբանելով ՍԴ որոշումը՝ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը նույնպես նշել է, թե մինչև սեպտեմբերի 30-ը հակասահմանադրական ճանաչված նորմերը համարվելու են Սահմանադրությանը համապատասխանող, և միայն սեպտեմբերի 30-ից սկսած նրանք կհամարվեն հակասահմանադրական։

«Եթե այդ նորմերն ուժը կորցրած ճանաչվեին, կառաջանար վակուում, որովհետև օրենքը չկա, և Կառավարությունը նման լիազորություններ իրականացնելու իրավունք չունի․ հենց նմանատիպ իրավիճակներում էլ առաջանում է իրավական անվտանգության խնդիրը։

ՍԴ-ն պետք է համարի, որ հակասահմանադրական ճանաչված նորմը որոշ ժամկետով պետք է դեռևս գործի՝ ժամանակ տալով Կառավարությանն ու ԱԺ-ին փոխելու օրենսդրական դաշտը՝ օրենքում փոփոխություններ մտցնելու համար։ Մենք գործ ունենք այսօր այդպիսի իրավիճակի հետ»,- նշել է ԱԺ պատգամավորը։

Երեկ որոշման հրապարակումից հետո ՍԴ դիմող կողմը մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ նշվել էր, թե ՍԴ որոշման հրապարակման պահից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը չի կարող գործադրվել։ Այս մասին ասել էր ՍԴ-ում դիմող կողմը ներկայացնող ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ հետամուտ են լինելու, որպեսզի ոչ իրավաչափ միջամտություն չլինի։

«Ուզում եմ զգուշացնել Կառավարության և իշխանության առանձին ներկայացուցիչներին` չփորձեք ՍԴ որոշումը միակողմանի և միայն առանձին նեղ շահերից ելնելով մեկնաբանել»,- նշել էր Մինասյանը` մեջբերելով ՍԴ որոշման 7-րդ կետի երկրորդ մասը, որում ասվում է.

«Որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները»:

«Ակնակալում ենք, որ հետ կվերադարձվի պետական և հանրային սեկտորի աշխատողների պահված վարձատրության գումարները: Իսկ եթե չիրականացվի, մեր պայքարի ընթացքում պաշտպանելու ենք նաև հանրային սեկտորի իրավունքները»,- ասել էր պատգամավորը՝ հավելելով, որ իրենք տրամադրված են բարիդրացիական հանրության մեջ լուծել խնդիրները, բայց եթե գործադիրը շարունակի հակաիրավական վարքագիծ դրսևորել, ապա իրենք պատրաստ են պայքարը նոր հարթություն տեղափոխել:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---