Ֆյուլեն հայտարարել է, որ ՄՄ-ն խարխլում է երկրների ինքնիշխանությունն, իսկ ԵՄ-ն՝ ամրապնդում է 4 ապրիլի 2014 - 15:24 AMT PanARMENIAN.Net - ԵՄ ընդլայնման հարցերով և Եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Մաքսային միությունը, որին անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, խարխլում է առանձին երկրների ինքնիշխանությունը: Նա նման կարծիք է հայտնել Ուկրաինայի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանի ու Ռեգիոնների եվրոպական կոմիտեի ղեկավար Ռամոն Լուիս Վալկարսել Սիզոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Միությունը խարխլում է ինքնիշխանությունն ու կառուցվում է տնտեսական ու առևտրային հարաբերությունների վրա, որոնք հիմնված են Գազպրոմի ու Կրեմլի սուբսիդիաների վրա: Քաղաքական գործակցությունը հիմնված է Մոսկվայի պահանջների վրա: Եվ իրադարձությունները Ղրիմում, ապօրինի հանրաքվեն ու զավթումը, որի մասին ես շատ եմ ափսոսում, դրա ևս մեկ ապացույցն են»,-ասել է նա, հայտնում է Ռոսբալտը: Ֆյուլեն նաև նշեց, որ Եվրամիության կողմից Ուկրաինային առաջարկված ասոցացման համաձայնագիրը, հակառակը, կոչված է ուժեղացնելու երկրի ինքնիշխանությունը և նպաստելու անհրաժեշտ տնտեսական ու քաղաքական բարեփոխումներին: 2013 թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովում Հայաստանը պետք է ստորագրեր ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության արժանացավ եվրոպական կառույցների կողմից, որոնք հայտարարեցին, թե Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ: Օրերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը հուսով է, որ ընթացիկ տարվա ապրիլին կավարտի Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական աշխատանքները, որպեսզի մայիսին ստորագրի այդ կազմակերպությանը միանալու փաստաթղթերը: «Հույս ունենք ապրիլին ավարտել Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական աշխատանքները։ Հուսով եմ, որ մայիսին արդեն կկարողանանք ստորագրել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն միանալու փաստաթղթերը»,- ասել է Նալբանդյանը։ Մարտի 29-ին Երևանում ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովն էր «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանն ընթերցեց Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որում նախագահը նշել է` ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած միջանդամակցային պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է: «Այսօր առկա է արդեն հստակ ձևավորված աշխատանքային օրակարգ և անդամակցության ճանապահային քարտեզ, որոնց քայլերն իրականացման ընթացքում են: Եվարսիական տնտեսական հանձնաժողովի և Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս էական առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին: Այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած միջանդամակցային պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, իսկ մնացայալներն իրականացման ընթացքում են»,- ուղերձում նշել է նախագահը: Ըստ նախագահի, հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն է և մեր երկրի անմիջական մասնակցությունը միջազգային ինտեգրացիոն գորընթացներին: Իր հերթին Հայաստանի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց Մաքսային միության առավելություններն ու թերությունները: Նա նշել է, որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, իսկ ԱՀԿ տարածքում ցածր մաքսատուրքեր են գործում: Սակայն, ըստ Սարգսյանի, ՄՄ-ում մաքսատուրքերի չափը մոտ երեք անգամ բարձր է: Տիգրան Սարգսյանը նշել է, որ կան բազմաթիվ ապրանքներ ու ծառայություններ, որոնք Հայաստանը չի արտադրում, այլ ներմուծվում են երրորդ երկրներից, և այս առումով միասնական մաքսատուրքերը ստեղծելու են որոշակի բարդություններ: Հայաստանը պետք է ուղղվի ՄՄ շուկաներ և նախապատվությունը տա ՄՄ երկրների կողմից արտադրված ապրանքներին և մատուցվող ծառայություներին: Իսկ երրորդ երկրներից ապրանքներ ու սարքեր ներմուծողների համար դժվարություններ կլինեն, ինչն այս փուլում քննարկման առարկա է: Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ անդամակցելով ԱՀԿ-ին՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ: Դրանց մի մասը վերանայելու կարիք կա, քանի որ ստիպված ենք լինելու վերանայել մեր մաքստուրքերը: Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ ԱՀԿ-ի շրջանակներում բանակցային գործընթաց է սկսվելու: Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը: «Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը: Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը: «ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել էր ՄՄ-ին Հայաստանի միանալու որոշումն ու միջոցառումների ծրագիրը՝ Ճանապարհային քարտեզը: Հղումներ թեմայով. Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |