ԱՄՆ Սենատի ԱԳ կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը (թարմացված)![]() 11 ապրիլի 2014 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է S.Res.410 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով Սենատին միանալ բանաձևին և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրս անպատիժ է մնում, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Այսօրվա քվեարկությունը հաստատում է Ամերիկայի հավատարմությունը ճշմարտությանը, լուրջ հարված է հասցնում թուրքական ժխտողական քաղաքականությանը և հստակ ուղերձ է նախագահ Օբամային, որպեսզի նա վերջ դնի այդ հարցում իր վարչակազմի հովանավորչությանն Անկարային: Մենք երախտապարտ ենք նախագահ Մենենդեսին և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել սենատորներից յուրաքանչյուրին, որոնք իրենց ձայնը տվեցին ի պաշտպանություն մարդու իրավունքների», -ասել է ANCA տնօրեն Արամ Համբարյանը: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը: Սենատոր Մենենդեսը բանաձևը քվեարկության դրեց երեկ երեկոյան, նա ասաց իր գործընկերներին. «Ինձ համար, բոլոր բարի կամքի տեր մարդկանց համար, կա մի պարզ իրողություն՝ դա ցեղասպանություն է եղել, այն չի կարելի այլ կերպ անվանել: Հաջորդ տարի, երբ մենք նշելու ենք Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի 100-ամյա տարելիցը, վերապրածներից շատ քչերը ողջ կլինեն: Բայց մի քանի մարդ դեռ ապրում է և շատ կարևոր է մեզ համար նշել 100-ամյակը գլոբալ մասշտաբով»,- ասել է Սենատի կոմիտեի ղեկավարը: Ապրիլի 4-ին Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը ԱՄՆ Կոնգրես ներկայացրեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, որով կոչ է արվում նախագահ Օբամային պայքարել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով: Բանաձևում մասնավորապես ասվում է. «1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»: Նմանատիպ բանաձև է ներկայացվել նաև Ներկայացուցիչների պալատ Դևիդ Վալդաոյի և Ադամ Շիֆի կողմից՝ Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի և Մայքլ Գրիմի հետ համատեղ: Պալատի բանաձևն արդեն ունի 50 կողմնակից: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ հայտարարություն է արել նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը: «Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»,- ասել է Նալբանդյանը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |