Հայերն Օսմանյան կայսրության զարդն էին22 ապրիլի 2014 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայերը, լինելով Օսմանյան կայսրության բնիկ ժողովուրդ, շատ բան են արել թուրքերի մշակույթի ու արվեստի զարգացման համար: Մի կողմ թողնենք վաճառականներին, քաղաքական գործիչներին ու դիվանագետներին. հայտնի է, որ հայազգի Իերեմիա Քյոմուրչյանը 1677 թվականին Կոստանդնուպոլսում հիմնել է առաջին տպարանը, որտեղ տպագրվում էին ոչ միայն հայերեն, այլ նաև արաբերեն ու եբրայերեն գրքեր: Ժամանակակից Թուրքիայի օրհներգի գործիքավորման հեղինակը կոմպոզիտոր Էդգար Մանասն է, որը կրթություն է ստացել Իտալիայում: Ստամբուլի ներկայիս դիմագիծը շատ բանով է պարտական հայազգի ճարտարապետներին: Օսմանյան կայսրության արքունական ճարտարապետները Բալյանների ընտանիքի ներկայացուցիչներն էին, որոնք հայտնի Թոփկապի, Բեյլերբեյի, Դոլմաբախչե, Բեշիկթաշ ու Յիլդիրիզ պալատների ճարտարապետներն են: Պալատներից բացի Բալյանները Ստամբուլում կառուցել են տասնյակ եկեղեցիներ, մզկիթներ ու հասարակական շենքեր: Ծագումով հայ էր նաև հանրահայտ ճարտարապետ Սինանը, որը կառուցել է սուլթան Սելիմի եզակի մզկիթը: 20-րդ դարի 60-ականներին Սինանի գերեզմանը բացեցին, արատշիրիմում կատարեցին և միանգամայն լրջորեն ապացուցում էին, թե ոսկրերից երևում է, որ նա թուրք է եղել…Սինանի աճյունը նախատեսվում էր տեղափոխել Անատոլիայի գանձերի թանգարան, բայց հետո այն անհետացավ: Ըստ 1914 թվականի մարդահամարի կայսրությունում ապրում էր 1,5 մլն հայ կամ բնակչության 9,37 տոկոսը: 1927 թվականին հայերը 100 հազար էին՝ 0,73 տոկոս, 1965 թվականին Թուրքիայում մնում էր ընդամենը 80 հազար հայ՝ 0,25 տոկոսը, իսկ 2008-ին՝ 60 հազար կամ բնակչության 0,08 տոկոսը: Մինչև 1914 թվականը միայն Ստամբուլում գործում էր 47 հայկական եկեղեցի ու 67 հայկական դպրոց, հրատարակվում էր 158 օրաթերթ: Աշխարհով մեկ հայտնի էին Թոքաթլյան հյուրանոցները, Իզմիթի գորգերը հայտնի էին ամենուր և արտահանվում էին տարբեր երկրներ: Գորգագործության արվեստը Թուրքիա են բերել հայերը: Կա ևս մեկ փաստ, որը պաշտոնական թուրքական պատմությունը լռության է մատնում: Քեմալականների առաջին կոնգրեսը տեղի է ունեցել Էրզրումի հայկական Սանասարյան դպրոցում 1918 թվականի հունիսի 23-ին: Օսմանյան կայսրության արդյունաբերության ու առևտրի 80 տոկոսը հայերի ձեռքում էր: Բնականաբար օսմանցի թուրքերն իրենց թերարժեք էին համարում և որոշեցին հավասարեցնել վիճակը իրենց փորձված մեթոդով՝ կոտորածի միջոցով: Հայ բնակչության առաջին մեծ կոտորածն Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել 1894-1896 թթ. սուլթան Աբդուլ Համիդի օրոք: Այն ժամանակ մոտ 300 հազար հայ սպանվեց: Հետո կարծես ամեն ինչ հանդարտվեց, իշխանության եկավ «Միասնություն և առաջընթաց» կուսակցությունը, որը կարծես համաձայնության եկավ Դաշնակցության հետ…իսկ հետո նախապատրաստեց 1915 թիվը, որն էլ համարվում է Հայոց ցեղասպանության պաշտոնական տարեթիվը: Փաստորեն 30 տարում որոշ ընդհատումներով, եթե հաշվելու լինենք 1894 թվականից, կոտորվել ու բռնագաղթի է ենթարկվել մոտ 2 մլն հայ, որոնք ազգի և հենց Օսմանյան կայսրության կորիզն էին: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն գրել է. «Դարեր շարունակ թուրքերի վերաբերմունքը հայերի ու մյուս հպատակ ազգերի հանդեպ բարբարոսական է եղել: Նրանց մեթոդները միշտ եղել են դաժան, կոպիտ ու ոչ գիտական: Նրանք մահակով էին հանում հայերի ուղեղը՝ այս տհաճ համեմատությունը ամենաճշգրիտ ցուցադրությունն է այն պարզունակ մեթոդների, որոնց միջոցով նրանք լուծում էին հայկական հարցը: Թուրքերը լավ էին հմտացած սպանության գործում, սակայն սպանությունը նրանց կատարմամբ արվեստ չէր: 1915-1916 թթ. իրադարձություններն ի ցույց դրեցին նոր մեթոդներ: Նրանք մշակեցին բռնագաղթի հայեցակարգը: Հինգ դարերի ընթացքում թուրքերն իրենց քրիստոնյաներին ոչնչացնելու բազում մեթոդներ էին հորինել, բայց երբեք չէին մտածել, որ կարելի է նրանց վտարել հայրական տներից, որտեղ նրանց պապերն ու ապուպապերն են ապրել, ու արտաքսել մեռյալ անապատ…»: Հայ ազգի ընտրանին՝ գրողներ, բանաստեղծներ, գիտնականներ, 250 մարդ արտաքսվեց Պոլսից ու գնդակահարվեց ճանապարհին: Այսօրվա Թուրքիան էլ հեռու չի գնացել երիտթուրքերից: Հրանտ Դինք, Սևակ Բալիկչի, պատրիարք Մութաֆյան, որը կոմայում է գտնվում, Ստամբուլի ծեծված ու սպանված տարեց հայ կանայք՝ ցուցակը կշարունակվի, քանի դեռ Թուրքիան ներողություն չի խնդրել: Թեև ոչ մի երաշխիք չկա, որ նույնիսկ ապաշխարելու դեպքում թուրքերը չեն շարունակի նույնությամբ: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net, Photo: Yervant Herian Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |