Եվրոպայի վերջին փակ սահմանը` Հայաստան-Թուրքիա. Սերժ Սարգսյանը Պրահայում է24 ապրիլի 2014 - 22:11 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի24-ին մասնակցել է Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նախագահ Զեմանին և չեխական իշխանություններին Արևելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար. «Հինգ տարի առաջ հենց այստեղ` Պրահայում, մեկնարկեց Արևելյան գործընկերություն կոչվող մեր համատեղ ճամփորդությունը, որն ընդլայնեց և լրացրեց համաեվրոպական արժեքային համակարգի վրա հիմնված Եվրոպական միության հետ մեր համագործակցության օրակարգը »: Սերժ Սարգսյանը նշել է, որ Պրաhա է ուղևորվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսօր ես ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնել մեզ համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում եմ այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից: Մենք հանձնառու ենք աշխարհի բոլոր ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման գործին և մշտապես ակտիվորեն աշխատում ենք միջազգային ասպարեզում ուժեղացնելու ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համագործակցությունն ու իրավական գործիքները: ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանը նախաձեռնել և հեղինակել է մի շարք բանաձևեր՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի իրավական հիմքերի ամրապնդմանը»,- շեշտել է նախագահը: Նա հավելել է, որ Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խույս տալ սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների: «Այսօր, Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց շարքերը տարեցտարի ստվարանում են, չնայած հետապնդումներին և հալածանքներին, մերժում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կանգնում ճշմարտության կողքին: Սեփական պատմության հետ առերեսումը և դրա հետևանքների գիտակցումը հաշտեցման կարևոր գրավականն է: Մենք հավատում ենք, որ հաշտեցման կարևոր գրավական է նաև մարդկային շփումների խթանումը: Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ առկա են արհեստական խոչընդոտներ, երբ փակ է սահմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը, նախագահի համոզմամբ, շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը. «Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»: Սերժ Սարգսյանը նշել է, որ համաեվրոպական արժեքներ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը: Եվ հենց այս արժեքներն են ընկած մեր պետականաշինության հիմքում՝ հանդիսանալով մեր երկրի հետագա զարգացման տեսլականի հիմնական ուղեցույցը: «Անցած հինգ տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հովանու ներքո իրականացված բարեփոխումների գործընթացն էապես ամրապնդել է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում: Շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում, ազատ և արդար ընտրությունների, ազատ տնտեսական մրցակցության ապահովման, պետական կառույցների գործունեության թափանցիկության բարձրացման, դատական համակարգի անկախության ապահովման, քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք եվրոպական մոդելի իրական ժողովրդավարության կայացման համար: Արևելյան գործընկերության շրջանակներում առանցքային ձեռքբերում եմ համարում մարդկային շփումների խրախուսումը: Այս առումով ցանկանում եմ առանձնացնել մուտքի արտոնագրերի ոլորտում գրանցված առաջընթացը, ինչի ապացույցն է քաղաքացիների միջև կապերը և փոխանակումներն ավելի խթանելու նպատակով նոր իրավական շրջանակների ձևավորումը: Ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը»,- ելույթում ասել է ՀՀ նախագահը: Նա նաև անդրադարձել է Ուկրաինային` նշելով, որ ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ առանց ներկա իրավիճակի արմատական պատճառները հասկանալու՝ Արևելյան գործընկերության հետագա ընթացքը կարող է կասկածի տակ առնվել: «Հայաստանը միացել է Արևելյան գործընկերությանը խորին համոզմամբ, որ այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Մենք մնում ենք այդ համոզման: Այս նախաձեռնությունն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանում ոչ թե բաժանարար պատ, այլ միացնող կամուրջ դառնալու համար: Անհրաժեշտ է երկխոսության ճանապարհով գտնել տարածաշրջանի բոլոր շահառուների հետաքրքրությունները հաշվի առնող լուծումներ»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |