Բանակի հիմքն ու հիմնաքարը. Մայիսի 8-ը Երկրապահի օրն է![]() 8 մայիսի 2014 - 11:48 AMT PanARMENIAN.Net - 1997-ի նոյեմբերին` ԵԿՄ 3-րդ համագումարում որոշում ընդունվեց, համաձայն որի մայիսի 8-ին նշվում է Երկրապահի օրը, իսկ արդեն 2002-ի փետրվարից ԱԺ «Հայաստան» երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ ՀՀ ԱԺ որոշմամբ օրն ընդգրկվեց նաև պետական տոնացույցում: Ամսաթվի ընտրությունը պատահական չէ, այն խորհրդանշում է 1992-ին Շուշիի ազատագրումը: Յուրաքանչյուր տարի այս օրը ԵԿՄ վարչության որոշմամբ կազմակերպվում է ԵԿՄ բարձրագույն պարգևի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի պարգևատրությունը։ Իսկ այս տարվանից արդեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մայր տաճարում, նաև` հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում նշվում է Երկրապահ կամավորականի օրը` հնչում են զանգերն ու մատուցվում է սուրբ պատարագ: Երկրապահի օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԵԿՄ վարչության անդամ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵԿՄ վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: Այնուհետ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար: «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի ազատագրման, հանուն մեր պետության հզորացման, և ես այսօր իմ այցելությամբ հարգում եմ նրանց շիրիմները: Համոզված եմ, որ բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը հանուն Արցախի ազատագրության, մենք պարտավոր ենք հարգել և արժանավայել մոտեցում ցուցաբերել նրանց, նրանց մերձավորներին և ընտանիքներին: Երկրապահն իրոք ինձ համար արժեք է ու մեր հզոր բանակի հիմքն է»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը: Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Երկրապահ կամավորականի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ, որում նշել է, թե մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում: Նա շեշտել է, որ «պետք է այնպիսի սերունդ կրթենք, որ Բաքվում տաքուկ, փափուկ աշխատասենյակներում նստած չինովնիկները մեր երիտասարդներին, պատանիներին տեսնելով`սարսափեն»: «Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահ կամավորականի օրով: Սա ամեն մի հայի տոնն է: Սա Վազգեն Սպարապետի և մնացյալ մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության տոնն է: Սա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի տոնն է, սա երիտասարդ, պատանի սերունդների, անգամ` նորածինների տոնն է: Սա սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, հայոց բանակի տոնն է` շարքայինի և սպայի, նախարարի և գերագույն գլխավոր հրամանատարի: Տոնդ շնորհավո'ր, հայ ժողովուրդ: Հարկ եմ համարում հիշեցնել բոլորին, որ երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը: Երկրապահը չի դադարել բանակի հիմնական հենարանն ու կադրային բանկը լինել: Մենք մեր պարտքն ենք համարում բանակին հայեցի դաստիարակված, բանիմաց կադրերի մատակարարումը: Այդ նպատակով գործում են «Երիտասարդ երկրապահ» և «Պատանի երկրապահ» ակումբները: Մեր այս կառույցներով անցած տղաները բանակի լավագույն զինվորներն են դառնում, միշտ բանակից շնորհակալագրեր են ստացվում այս տղաների համար: Այսօր մեր բոլոր բաժանմունքներում, նաև` Արցախում կան պատանի երկրապահական կառույցները: Այս կառույցի սաների ընդհանուր թիվն անցնում է 4.000-ից: Այս առումով ևս պետության հետ գործակցելու լայն դաշտ կա: Այս մասով ևս զեկուցեմ, որ դարձյալ Հանրապետության նախագահի միջամտությամբ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել կառավարության, պաշտպանության և կրթության նախարարությունների հետ: Այսուհետ մեր պատանիները պետության հոգածության ներքո են լինելու` առավել պրոֆեսիոնալ հիմքերի վրա ենք դնելու պատանիների ուսուցումն ու դաստիարակությունը: Մենք պետք է այնպիսի սերունդ կրթենք, որ Բաքվում տաքուկ, փափուկ աշխատասենյակներում նստած չինովնիկները մեր երիտասարդներին, պատանիներին տեսնելով`սարսափեն: Պատանիները մեր վաղվա օրն են, մեր ապագան: Պատանի և երիտասարդ սերունդը վաղվա բարեկեցիկ Հայաստանն ու ամուր պաշտպանված Արցախն են»,- ասել է Մանվել Գրիգորյանը: Նա նշել է, որ երկրապահական ամենամյա ուխտագնացությունը մեկնարկել է մարտի 5-ին` Սպարապետի ծննդյան օրը: Այն շարունակվելու է ամբողջ տարվա ընթացքում. «Ապրիլի 24-ին մասնակցել ենք ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին, սակայն, հատուկ ընդգծեմ, որ ապրիլի 24-ը Երկրապահի համար ոչ թե լացուկոծի օր է, այլ` վրիժառության, պայքարի, հայոց արդար պահանջատիրությունը վառ պահելու: 2015 թվականին Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցն է, և մեր վարչության հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահ` Հայկ Դեմոյանը, այս տարի, հաջորդ տարի լարված աշխատելու է այդ ուղղությամբ: Մայիսի 28-ին Սարդարապատում ենք լինելու, այնուհետև` Արցախում, Տավուշում, Սյունիքում, բոլոր սահմանամերձ բնակավայրերում: Երկրապահը շարունակում է մնալ սահմանի բնակչին ոգևորող ուժ, շարունակում ենք հավաստիացնել և երաշխիքներ տալ սահմանաբնակ մեր հայրենակիցներին, որ վտանգի պահին իրենց մենակ չենք թողնի: Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է հոգատար լինել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ և ԵԿՄ անդամ ազատամարտիկների խնդիրներով: Այս խավին իրավական, սոցիալական, բարոյական աջակցություն ցուցաբերելը մեր սրբազան պարտքն է: Ցավոք, դեռ կան խնդիրներ: Այդ խնդիրները ժամանակի ընթացքում, մեր պետության հնարավորությունների աճին զուգահեռ, կկարգավորվեն: Խնդիրների կարգավորման ուղղությամբ մենք համագործակցում ենք ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության, պաշտպանության, սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ: Այսօր, սակայն, տոնական օր է, ուստի ավելի շատ պետք է հաղթանակներից, ձեռքբերումներից խոսենք: Իսկ հաղթանակներ մեր սերունդն, իրոք, ունեցել է: Վազգեն Սպարապետի առաջնորդությամբ, Եռաբլուրում ամփոփված քաջերի, նաև` կենդանի հերոսների ջանքերով կայացրել ենք Հայաստանի անկախությունը, հայրենի տարածքներ ենք ազատագրել, Արցախի անկախ Հանրապետություն ենք կայացրել: Այդ բոլոր հաղթանակները երկրապահ հայ ժողովրդինն են: Ուրեմն, մեկ անգամ ևս շնորհավոր տոնդ, երկրապահ, շնորհավոր տոնդ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ»: Օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` նշելով, որ Արցախյան ազատամարտի ընթացքում երկրապահի կատարած դերն իսկապես անգնահատելի է: «Պատերազմի առաջին փուլում, երբ դեռևս չունեինք կանոնավոր բանակ, հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն առաջինը հենց մեր ազատամարտիկները ստանձնեցին և պատվով տարան այն: Մեր ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք նաև նրանցից շատերի կյանքերի գնով, ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում և հպարտանալու ենք միշտ: Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ և այրիներ, այսօր նաև ձե՛ր տոնն է, ձեր անհատնում համբերության և անկոտրում կամքի գնահատման օրը: Եվ շնորհավորելով ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ՝ երախտագիտությամբ խոնարհվում եմ ձեր առաջ: Դուք արժանի՛ եք ամենաբարձր գնահատանքի ու մեծարումի: Վստա՛հ եղեք, որ իմ ուժերի և հնարավորությունների սահմանում միշտ լինելու եմ ձեր կողքին»,- նշել է քաղաքապետը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |