ԱՄՆ պետքարտուղարը Սիրիայի նախագահի առաջիկա ընտրությունները «ֆարս» է անվանել![]() 16 մայիսի 2014 - 14:22 AMT PanARMENIAN.Net - «Սիրիայի բարեկամների» ԱԳ նախարարները կոչ են արել միջազգային հանրությանը չճանաչել հունիսի 3-ին կայանալիք Սիրիայի նախագահի ընտրությունները և պայմանավորվել են ավելացնել աջակցությունը չափավոր սիրիական ընդդիմությանը: «Մենք «Սիրիայի բարեկամ» 11 երկրներս, մերժում ենք Բաշար Ասադի ռեժիմի միանձնյա ընդունած որոշումը հունիսի 3-ին ապօրինի նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Այդ ընտրությունները ծաղր են հակամարտության հետևանքով անմեղ մարդկանց հանդեպ, դա հակասում է Ժնևի կոմյունիկեին: Ըստ կանոնների, որ հաստատել է ռեժիմը, ընտրություններին չեն մասնակցի միլիոնավոր սիրիացիներ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը մերժել այդ ապօրինի ընտրությունները, ինչպես դա արդեն արել են Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ), ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, Թուրքիան ու ԵՄ-ն»,-ասվում է Լոնդոնում մայիսի 15-ին կայացած «Սիրիայի բարեկամների» հանդիպման ավարտին ընդունված կոմյունիկեում: Արաբական Էմիրությունների, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Հորդանանի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են սիրիական ընդդիմությանն աջակցելու միջոցները, աճող հումանիտար ճգնաժամը կասեցնելու ու երկրում քաղաքական գործընթացները վերսկսելու ուղղությունները: «Մենք միաձայն համաձայնվել ենք համատեղ հետագա քայլեր ձեռնարկել չափավոր ընդդիմությանն աջակցելու ռազմավարության համակարգման, ազգային կոալիցիայի, նրա ռազմական խորհրդի ու չափավոր զինյալ խմբավորումներին աջակցելու ուղղությամբ՝ պատասխանատվության կանչելու համար Ասադի ռեժիմին սեփական ժողովրդի հանդեպ ահաբեկչության համար, այդ թվում նաև Միջազգային քրեական դատարան դիմելով՝ դրանով իսկ դիմակայելով ծայրահեղականությանը, ավարտին հասնցնելով սիրիական քիմիական զենքի տարհանումը երկրից ու ավելացնելով հումանիտար օգնության առաքմանն ուղղված ջանքերն անկախ նրանից, թե ինչպես դրան կվերաբերվի ռեժիմը: Մենք հանձնարարել ենք մեր պաշտոնյաներին ձեռնամուխ լինել այս ծրագրի կատարմանը»,-ասվում է կոմյունիկեում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ տեսել է նոր տվյալներ, որոնք վկայում են սիրիական իշխանությունների կողմից գազային հարձակումների ժամանակ քլորի կիրառման մասին խաղաղ բնակչության դեմ: Ի դեպ, Քերին նշել է, որ տվյալները դեռևս չեն հաստատվել: Ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի, Սիրիան, հավանաբար, քլոր է օգտագործել վերջին ամիսներին 14 գրոհների ժամանակ: «Ես տեսել եմ առաջնային տվյալները, որոնց հիման վրա կարելի է եզրակացության գալ, որ ռազմական գործողությունների ընթացքում մի քանի անգամ օգտագործվել է քլոր, ինչպես և ենթադրում էր Ֆրանսիան: Եթե դա իրոք այդպես է և կարող է ապացուցվել, դա խախտում է քիմիական զենքի վերաբերյալ պայմանավորավծություններն ու կոնվենցիաները, որ ստորագրել է Սիրիան»,-հայտարարել է պետքարտուղարը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Քերին հայտնել է նաև, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները պայմանավորվել են «ակտիվացնել ջանքերն», ուղղված Սիրիայում չափավոր ընդդիմության աջակցմանը ու դիտարկում են ապստամբների կողմից վերահսկվող շրջաններին օգնության ավելացման հնարավորությունը ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: «Ես մտադիր չեմ քննարկել զենքի կոնկրետ տեսակներ ու տեղեկատվությունն այն մասին, թե որ երկրներն այն կտրամադրեն կամ չեն տրամադրի, սակայն ես կարող եմ ասել, որ այսօրվա հանդիպման ավարտին աջակցության բոլոր հնարավոր ուղիները կգործարկվեն ավելի ակտիվ, դա ներառում է քաղաքական ջանքերը, աջակցությունն ընդդիմությանը, տնտեսական միջոցներն ու պատժամիջոցները»,-պարզաբանել է Քերին: Ըստ նրա, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Եվրոպայում ու Պարսից ծոցի երկրներում համարում են առաջիկա նախագահական ընտրությունները Սիրիայում ոչ լեգիտիմ: «Մենք միաձայն հայտարարում ենք, որ Ասադի բեմականցրած ընտրությունները ֆարս են վիրավորանք, և դրանք չեն համապատասխանում նորմերին»,-ասել է Քերին: Մինչդեռ ՌԴ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ Ալեքսանդր Լուկաշևիչը նշեց, որ կարևորագույն իրադարձությունը Սիրիայում Հոմսի Հին քաղաքի ապաշրջափակման վերաբերյալ փաթեթային պայմանավորվածությունը կատարելն էր ամբողջ ծավալով: «Մոսկվայում գտնում են, որ Հոմսի օրինակը հաջողությամբ կկիրառվի նաև Սիրիայի մյուս շրջաններում: Մասնավորապես, հաղորդագրություններ են ստացվում խաղաղ բնակիչների 1500 ընտանիքների ազատ արձակելու մասին բանակցությունների վերաբերյալ, որոնց գրոհայինները պահում են մայրաքաղաքի Ադրա արվարձանում, այդ շրջանում շրջափակման մեջ հայտնված ապօրինի զինյալ կազմավորումներին սննդի տրամադրման դիմաց: Մենք վստահ ենք, որ լոկալ փոփոխությունները մոտեցնում են Սիրիան երկար սպասված խաղաղության ու հանգստության: Սակայն դա կատաղի հակազդեցություն է առաջացնում անհաշտ զինյալ ընդդիմության կողմից: Գործնականում ամեն օր ծայրահեղականները հրթիռակոծում են սիրիական քաղաքների բնակելի թաղամասերն ու բնակավայրերը, ակտիվորեն օգտագործում են մահապարտ ահաբեկիչների, պայթեցնում են շենքերն ու շինությունները: Միայն Դամասկոսի կենտրոնի ուղղությամբ գրոհայիններն ամեն օր 30-40 արկ են արձակում: Հատկապես վրդովեցնում է խոշոր դիվերսիան, որի հետևանքով 3-միլիոնանոց Հալեպը երեք օր է առանց ջրի է մնացել: Քաղաքի բնակիչները ստիպված են օգտագործել մոտակա գետի ջուրը, ենթարկվելով վարակիչ հիվանդությունների համաճարակի տարածման վտանգին՝ ջրերում հաճախ են հայտնաբերվում գրոհայինների կողմից սպանված մարդկանց դիեր: Սիրիայի ԱԳՆ-ն այդ հարցով դիմել է ՄԱԿ: Վկայություններ կան, որ Սիրիայում ներքին տեղահանվածների քանակի կտրուկ ավելացման իրական պատճառը ահաբեկչական խմբերի գործողությունն է: Միայն վերջին օրերին Դեյր էզ Զորի գավառի մոտ 100 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, վախենալով կատաղի բախումներից «Ջաբհատ ան Նուսրա» և «Իրաքի ու Լևանտի իսլամական պետության» ջոկատների միջև, որոնք ուղեկցվում են բռնությունով խաղաղ բնակչության հանդեպ»,-ասել է Լուկաշևիչը: Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Հալեպի գավառի արևելքում ջիհադականները մարզչական ճամբար են բացել կանանց ու աղջիկների մարտական պատրաստականության համար, որոնցից շատերը 12 տարեկանից փոքր են: Նման անընդունելի պրակտիկան չի կարող լռության մատնվել և պետք է արժանի գնահատականը ստանա միջազգային հանրության կողմից: Բոլոր այդ իրադարձությունները ծավալվում են Սիրիայում նախագահական ընտրություններին պատրաստությունների ֆոնի վրա: «Առաջիկա ընտրությունները, երբ պետության ղեկավարն առաջին անգամ կընտրվի այլընտրանքային հիմքի վրա, թույլ կտա Սիրիայի ժողովրդին իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել երկրի ապագայի վերաբերյալ: Կարևոր է, որ չնայած բարդ իրավիճակին, ապահովվեն ժողովրդավարությունն ու թափանցիկությունը: Առաջիկա ընտրությունները կոչված են նշանակալի քայլ դառնալ սիրիական պետականության պահպանման ու զարգացման ճանապարհին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: Ալեքսանդր Լուկաշևիչն ընդգծել է նաև, որ ՌԴ-ն ընդհանուր առմամբ գոհ է Սիրիայից քիմիական զենքի տարհանման ընթացքից: «Մայիսի 15-ի դրությամբ Սիրիայում ոչնչացվել են քիմզենքի արտադրության հիմնական սարքավորումները, ամբողջ եղած չլցոնված զինամթերքը, ավարտվել է իպրիտի տարհանումը: Երկրում շարունակվող մարտական գործողությունների պայմաններում երկրից արդեն տարհանվել է քիմզենքի բոլոր բաղադրիչների ու կրիչների 92,5 տոկոսը: Գործողությունն ավարտելու համար մնում է անել մեկ քայլ՝ տարհանել թունավոր քիմիկատների աննշան քանակությունը մի օբյեկտից, որն այժմ գտնվում է զինյալ ընդդիմության կողմից շրջափակված վայրում: Կառավարական ուժերը հուսալիորեն վերահսկում են այս օբյեկտը և ակտիվ գործողություններ են ձեռնարկում ապաշրջափակման համար: Միաժամանակ քայլեր են իրականացվում քիմիկատների տեղափոխման ուղղությամբ: Հուսով ենք, որ տարհանումը վերջնականապես կավարտվի, հենց որ դա թույլ տա իրավիճակն անվտանգության ոլորտում: Կարևոր խթան կարող էր հանդիսանալ մարտական գործողությունների կասեցումը: Կրկին կոչ ենք անում բոլոր պետություններին, որոնք ազդեցություն ունեն ընդդիմության վրա, համոզել նրանց խոչընդոտներ չստեղծել քիմիկատների տարհանման համար»,-ասել է նա: Նախագահական ընտրությունները Սիրիայում կայանալու են հունիսի 3-ին: 2000 թվականի հուլիսին, հոր՝ Հաֆեզ ալ Ասադի մահից հետո, որը կառավարել է Սիրիան 1970-2000 թթ., Բաշար ալ Ասադն ընտրվեց նախագահ: Վերընտրվել է այդ պաշտոնում 2007 թվականի մայիսին: Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 80 հայ է զոհվել: . ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |