Հեռուստատեսությամբ այսուհետ ալկոհոլ ու ծխախոտ կգովազդեն․ Օրենքը վավերացվել է

Հեռուստատեսությամբ այսուհետ ալկոհոլ ու ծխախոտ կգովազդեն․ Օրենքը վավերացվել է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ի թիվս այլ օրենքների մայիսի 17-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը:

Համաձայն դրա` հեռուստառադիոընկերությունների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ տեղական արտադրության կոնյակի) գովազդի հեռարձակումը ժամը 06:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաև մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Այլ կերպ ասած` օրենքը թույլատրում է ալկոհոլի ու ծխախոտի գովազդը ժամը 22:00-ից մինչև 06:00-ն, ինչը նախկինում արգելված էր:

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Մարտի 11-ին ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ելույթ էր ունեցել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և զուգահեռ դիտարկվող «Գովազդի մասին» ՀՀ օրենքների քննարկման ժամանակ` նշելով, որ «Գովազդի մասին» օրենքն արգելում էր թունդ ալկոհոլային խմիչքների (բացի կոնյակից) գովազդը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով, այսինքն՝ հեռուստատեսությամբ:

«Օրենքի փոփոխության հեղինակները առաջարկում են այդ արգելքը հանել երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 06:00-ն: Նպատակ-հիմնավորումը (եթե դատարկ բառակապակցությունները մի կողմ թողնենք) մեկն է՝ բարելավել հեռուստաընկերությունների ֆինանսական ներկա վիճակը: Հեղինակներն ակնկալում են, որ տարեկան մոտ 1 միլիարդ դրամով (2,5 միլիոն դոլար) կավելանա TV-ների եկամուտը: Բայց առաջանում են բազմաթիվ հարցեր: Առաջինը՝ քաղաքակրթական, հայեցակարգային. զարգացող աշխարհը գնում է մի ուղղությամբ, մենք՝ հակառակ, հետ ենք գնում: Եվրոպայում, Ամերիկայում, տասնյակ ու տասնյակ այլ երկրներում բացառված է թունդ խմիչքների գովազդը, ԱՊՀ մի երկրում է միայն թույլատրված: Երկրորդը՝ իրավական. որքանո՞վ է ճիշտ օրենք ընդունել մի քանի հեռուստաընկերությունների շահը նկատի ունենալով: Զանգվածային լրատվամիջոց հասկացությունը շատ ավելի լայն դաշտ է ներառում: Երրորդ՝ հասարակական-սոցիալական-բարոյական. նպատակ դնելով աջակցել TV-ներին, մենք չե՞նք անտեսում հանրության շահը, չենք խրախուսում ոչ առողջ ապրելակերպը հատկապես երիտասարդության շրջանում»:

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նշել էր. «Ալկոհոլային խմիչքների գովազդին սահմանափակումներ տված պատգամավորներն այսօր նույն ոգևորությամբ թույլատրում են դրանց գովազդը, ի՞նչ պատահեց»,- գրում է Panorama.am-ը: «Այստեղ երկու տեսակի շահ կա՝ ներդրող-իրացնող և հեռուստատեսություն: Սա նշանակում է, որ չկա հանրային շահ և այս օրենքը հակասում է հանրային շահին»,- հավելել էր պատգամավորը:

ԱԺ-ում օրինագծի քննարկմանը հիմնական զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նկատել էր, թե փորձ է արվում տպավորություն ստեղծել` այդ նախագծով հեռուստատեսության ոլորտը վերցվում է «տոտալ վերահսկողության տակ»: Այնինչ, ըստ Ֆարմանյանի, դա այդպես չէ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---