Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը բացառապես տնտեսական կլինի26 մայիսի 2014 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը կազմելիս բոլոր երեք կողմերը՝ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, զերծ են մնացել քաղաքականացումից: Այդ մասին մայիսի 26-ին հայտնել է Աստանայում Ղազախստանի ԱԳ փոխնախարար Սամատ Օրդաբաևը: «Իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ պայմանագրի հիմք է կազմում բացառապես տնտեսական գործակցությունը: Շնորհիվ Ղազախստանի հետևողական քաղաքականության, պայմանագրից դուրս մնացին այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին քաղաքականությունը, միջխորհրդարանական գործակցությունը, անձնագրային ոլորտը, սահմանների ընդհանուր պահպանությունը, արտահանման վերահսկումը և այլն»,-ասել է նա: Ըստ նրա, բացի պայմանագրի ինստիտուցիոնալ մասից ու երեք հավելումներից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին, ԵՏՄ Դատարանի կարգավիճակի մասին, միության ներսում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և իմունիտետի մասին դրույթներից, կողմերը համաձայնեցրել են նաև ևս երկու փաստաթուղթ: «Դա միջազգային գործունեության կարգն է ու ԵՏՄ հետ երրորդ երկրների միջազգային պայմանագրերի նախապատրաստման ու կնքման կարգը»,-ասել է փոխնախարարը: Ըստ Օրդաբաևի, երկու վերջին փաստաթղթերում դրվում է ԵՏՄ միջազգային գործունեության հիմքը, որպես կանոնակարգող մարմնի հանձնաժողովի գործունեություն: «Միայն Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համաձայնությամբ և նրա մանդատով կարող է մշակվել ու ստորագրվել ցանկացած միջազգային պայմանագիր»,-ասել է նա: Ըստ նրա, Եվրասիական տնտեսական միությունը դատարկ տեղը չի ստեղծվում:«Մեր պետությունները երկար տնտեսական ճանապարհ են անցել՝ ԱՊՀ-ից մինչև Եվրասիական միություն»,-ասել է փոխնախարարը, հայտնում է «Թրենդը»: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կազմված է երկու մասից՝ ինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ: Ղազախստանի ԱԳՆ պատասխանատվության ոլորտը այլ նախարարությունների ու գործակալությունների հետ մեկտեղ պայմանագրի ինստիտուցիոնալ մասն է, որը երբեմն անվանում են նաև քաղաքական՝ սահմանադիր: Մինչդեռ, ըստ ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի, Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կարող է տեղի ունենալ արդեն ընթացիկ տարում, ընդ որում, ակնկալվում է, որ ինտեգրումը բավականին արագ կանցնի: «Բանակցություններ են ընթանում Հայաստանի հետ: Գործակցությունը Ղրղզստանի հետ նույնպես արագ տեմպերով է ընթանում»,-ասել է Սլեպնյովը՝ հավելելով, որ ՄՄ-ին անդամակցելու այլ հայտեր դեռ չեն ստացվել, հայտնում է Fishretail.ru-ն: Մայիսի 15-ին Բանկերի միջազգային խորհրդի նախագահ Ալեքսանդր Մարիչևը Բիշքեկի միջազգային ֆինանսական համաժողովում հայտնեց, որ Ղրղզստանն ու Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել: «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին Աստանայում: Հայտեր կան Ղրղզստանից ու Հայաստանից: ԵՏՄ ընդլայնումը մեծ հնարավորություն կտա անդամ երկրներին հզորացնել տնտեսությունը»,-ասել էր նա: «Այժմ ակտիվ քննարկման փուլում է Շանհայի համագործակցության կազմակերպության Զարգացման բանկի ու Զարգացման հիմնադրամի ստեղծումը, ինչը հսկայական ռեսուրս կլինի ՄՄ-ին անդամակցող երկրների տնտեսության համար»,-հավելել է Մարիչևը: ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո փաստաթուղթը վավերացման կներկայացվի ազգային խորհրդարաններում և ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ին: Եվրասիական տնտեսական համաժողովի մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի հիմնարար կառուցվածքը, որով կողմերը պայմանավորվել են, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: 2016 թվականին նախագահները կհաստատեն այդ շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018 թվականին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը: Ընդհանուր շուկաների աշխատանքը գործարկելու համար հարկ կլինի հատուկ միջազգային պայմանագրեր ստորագրել: Մինչ 2025 թվականը այդ հարցերը կկարգավորվեն ըստ 2010 թվականին կնքված համաձայնգարերի: Ինչ վերաբերում է ՄՄ և ԵՏՄ Հայաստանի միանալու մասին պայմանագրին, ապա փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի ԵՏՄ պետությունների ղեկավարներին նիստում, որը կանցնի մայիսի 29-ին Աստանայում: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը, սակայն հաջորդ օրը հայտարարեց, որ ՄՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը կստորագրվի միայն այն ժամանակ, երբ ավարտվեն բանակցությունները մի շարք ներկրվող ապրանքների մաքսատուրքերը պահպանելու վերաբերյալ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը: «Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը: Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը: «ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |