The Christian Science Monitor. Լեռնային Ղարաբաղը հետխորհրդային բոլոր տարածքային վեճերի նախատիպն է

The Christian Science Monitor. Լեռնային Ղարաբաղը հետխորհրդային բոլոր տարածքային վեճերի նախատիպն է

PanARMENIAN.Net - «Ընթացիկ տարվա մայիսին լրացավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար հակամարտությունում հրադադարի ռեժիմի պահպանման 20-ամյակը: Սակայն, հազիվ թե այն տոնելու առիթ կա. Հակամարտությունը մնում է չկարգավորված, իսկ Ղրիմի ճգնաժամի լույսի ներքո այն ավելի վտանգավոր ու ակտուալ է դառնում ԱՄՆ շահերի համար, քան երբևէ»,- The Christian Science Monitor-ում գրում է Ջոն Հոփկինսի համալսարանի Առաջատար միջազգային հետազոտությունների դպրոցի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Քորնելը:

Եթե Ղրիմը վերջինն է «սառեցված հակամարտություններից, ապա Լեռնային Ղարաբաղն առաջինն էր հետխորհրդային տարածքի՝ Հարավային Օսեթիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում, տարածքային վեճերի շարքում, ասվում է հոդվածում:

«Ինչպես և Ղրիմի դեպքում, ղարաբաղյան հակամարտության դեպքում ևս խնդիրը կապված է վիճահարույց պատմությամբ, հակասական կարգավիճակով ու հարևան երկրի հետ կապված բնակչության մեծամասնությամբ տարածքի հետ, գրում է Քորնելը:- Բայց, ինչպես և Ղրիմում, ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի սահմանափակվել միայն տեղի բնակչությամբ: Հակամարտությանը միշտ մասնակցել է երրորդ մասնակիցը՝ Մոսկվան, որն առաջին իսկ օրից առանցքային դեր ունեցավ հակամարտության արդյունքների որոշման մեջ: Մինչ օրս Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է կողմերի միջև կառավարվող անկայունության պահպանմանը. հակամարտությունն օգտագործվում է Հայաստանի վերահսկողությունն ամրապնդելու և արևմտամետ Ադրբեջանին թուլացնելու համար»,-նշում է նա:

Ըստ հեղինակի, հակամարտությունը «սառեցված» անվանելով, մենք անվտանգության կեղծ զգացողություն ենք ստեղծում. «Գնալով, պատահաբար կամ միտումնավոր հրահրված նոր պատերազմի ռիսկն աճում է: Ճիշտն ասած, այդ դիմակայությունը կարող է նոր Քաշմիրի կամ նոր պաղեստինա-իսրայելյան պատերազմի վերածվել «սառը խաղաղության» շրջաններով, որոնց պարբերաբար հաջորդում է իսկական պատերազմը: Այդ նոր պատերազմը հեռավոր մի ծայրամասում չի բռնկվի՝ ղարաբաղյան հակամարտությունը Եվրասիայի խաչմերուկում է, գերտերությունների սահմանին»,-գրում է գիտնականը: Դեռ 1992 թվականին ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբը հակամարտության խաղաղ կարգավորման համար: Խմբի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այն գաղափարը, որ ավելի լավ է հետևել Մոսկվային, քան թույլ տալ նրան սաբոտաժի ենթարկել գործընթացը դրսից, հեղինակին սթափ է թվում: Սակայն Վաշինգտոնն այնուամենայնիվ պետք է փոխի մոտեցումը, պնդում է նա:

«Եթե ԱՄՆ-ն լրջորեն տրամադրվել է հակահարված տալ Պուտինին, ապա անգործությունն այստեղ անընդունելի է: Հասկանալի պատճառներով վարչակազմը դեռ կենտրոնացած է Ուկրաինայի վրա և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա: Սակայն ապագայում ԱՄՆ ջանքերի հզորացումը հակամարտության կարգավորման գործում կարևոր քայլ կլիներ ոչ միայն ամերիկյան շահերի պաշտպանության համար, այլ նաև, Պուտինին ստիպելու համար պաշտպանության անցնել: Դա հեշտ չի լինի, սակայն, չպատասխանելով մարտահրավերին, Ամերիկան թույլ կերևա, ինչը միայն ձեռնատու է Պուտինին»,-եզրափակում է Քորնելը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---