Խաղաղ գործընթացն արգելակող դիվերսիաներից հրաժարվելու Ուորլիքի չհասցեագրված կոչը

Խաղաղ գործընթացն արգելակող դիվերսիաներից հրաժարվելու Ուորլիքի չհասցեագրված կոչը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում հակամարտության կողմերին հրաժարվել հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակն ու վնասել խաղաղ գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` մեկնաբանելով հրադադարի հաճախակի դարձած խախտումներն ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում:

Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարը ինչպես ղարաբաղյան և ադրբեջանական ԶՈւ շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին: Վերջին միջադեպը տեղի ունեցավ հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա կազմակերպեցին առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հակառակորդի դեմ մարտում զոհվեց պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Նարեկ Պողոսյանը:

Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ), հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Ընդ որում, ԵԱՀԿ ՄԽ-ն ու միջազգային հանրությունը չեն նշում դիվերսիաների իսկական մեղավորին՝ շարունակելով իրենց կոչերը, հասցեագրված բոլոր կողմերին:

Ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը, Ուորլիքը հույս է հայտնել, որ առաջիկայում կկազմակերպվի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ևս մեկ բարձր մակարդակի հանդիպում՝ շարունակելով անցած տարվա նոյեմբերին սկսված կառուցողական երկխոսությունը:

«Մենք հուսով ենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի հրավերն ու կհանդիպեն Փարիզում»,-ասել է համանախագահը:

Մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց ընդունելու Փարիզում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ միասին:

Ըստ նրա, Շվեյցարիայի նախագահ և ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալթերի «ստրուկտուրացված բանակցությունների» կոչը նույնպես հնարավորություն է խաղաղ գործընթացն առաջ տանելու համար:

Հունիսի սկզբին Երևանում Բուրկհալթերը հայտարարեց, որ Շվեյցարիան պատրաստ է որպես ԵԱՀԿ գործող նախագահ ու որպես երկիր նախագահության ժամկետից հետո, սատարել բանակցային գործընթացին, կազմակերպելով հանդիպումներ, առաջարկելով սեփական փորձը, մոբիլիզացնելով ֆինանսական ու քաղաքական օգնությունը խաղաղ համաձայնագիրը կյանքի կոչելու համար:

Ըստ նրա, երկրորդ կարևոր հարցը, որ առաջ է քաշում Շվեյցարիան, հրադադարի ռեժիմի պահպանման խստացումն է: «Առաջին հերթին դա միջադեպերի հետաքննության մեխանիզմն է, որը նախկինում կողմերը համաձայնեցրել են, բայց չեն իրականացրել»,-ասել էր նա:

Ինչպես նշել է Ջեյմս Ուորլիքը, այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում: «Նման դիվերսիաները ռազմաճակատում արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորումը, որը մեր ընդհանուր նպատակն է, ինչը կարող է բարեկեցություն ու անվտանգություն բերել այս տարածաշրջանի բնակչությանը»,-ասել է նա:

Պատասխանելով համանախագահների տարածաշրջան այցելության մասին հարցին՝ Ուորլիքը նշել է, որ անհամբեր սպասում է, որ առաջիկայում բանակցությունները կշարունակվեն կամ տարածաշրջանում, կամ մեկ այլ վայրում: «Դեռևս մենք աշխատում ենք հերթական հանդիպման ծրագրման վրա»,-ասել է ամերիկացի համանախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը մասնակցել է նաև առաջիկայում նշանակվելիք ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն, ում Ժակ Ֆորը հանդիպման սկզբում ներկայացրել է երկրի ղեկավարին: Հանդիպմանը համանախագահները նախագահ Սարգսյանի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահներին ու Անջեյ Կասպրշիկին ընդունել է նաև ՀՀ արտգործնախարարը։ Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ղարաբաղում դիմավորել են բողոքի ակցիայով: Ակցիայի մասնակիցները փակել էին մայրուղին, որով պետք է անցնել համանախագահների ավտոշարասյունը: Մասնավորապես, նրանք պահանջում էին, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լսի իրենց կարծիքն ու հաշվի առնի այն: Ակցիայի մասնակիցները կրում էրն «Հարգեք մեր ժողովրդավարական սկզբունքները», «Դատապարտեք ագրեսիան» գրություններով պաստառներ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են միջնորդները պատկերացնում ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը, հաշվի առնելով կոշտ հասարակական դիրքորոշումը, Ուորլիքը նշել է, որ իրենք հարգում են խաղաղ ճանապարհով պահանջները ներկայացնելու մարդկանց իրավունքը:

«Ինձ համար դա անսպասելի էր, սակայն, այնուամենայնիվ, ես դուրս եկա մեքենայից, և բավականին օգտակար զրույց ունեցա ակցիայի մասնակիցների հետ: Չնայած անհամաձայնությանը, պետք է ինչ-որ ելք գտնել, որովհետև ամենավատ տարբերակը կլինի ռազմական գործողությունների վերսկսումը»,-ասել է ամերիկացի համանախագահը՝ նշելով, որ բոլորի պարտքն է ապահովել խաղաղությունը Ղարաբաղում:

Պատասխանելով լրագրողի այն նկատառմանը, որ հենց ներկայացված վեց կետերը կարող են պատերազմի պատճառ դառնալ, ամերիկացի համանախագահը հիշեցրել է, որ այդ վեց կետերը նորություն չեն, վեց կետերի մասին խոսվել է նաև նախկինում:

«Անհրաժեշտ եմ համարում նշել, որ այդ ամենը պարտադիր որոշում չէ: Մինսկի խումբը չի կարող պարտադրել, մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք ժողովրդներին լսել միմյանց կարծիքն, ու հանդիպենք ոչ միայն դե-ֆակտո իշխանությունների, այլ նաև մարդկանց հետ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի և արժանի է իրազեկված լինելու այս ամենի մասին և հնարավորություն ունի հայտնելու իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը»,-ասել է Ուորլիքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» թեմայով ելույթ է ունեցել՝ ներկայացնելով կարգավորման 6 սկզբունքները: Նա նշել է, որ ներկայացնում է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը:

Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ,կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---