ԵՏՄ երկրները չսատարեցին ուկրաինական ապրանքների ներմուծումը սահմանափակելու Ռուսաստանի առաջարկին

ԵՏՄ երկրները չսատարեցին ուկրաինական ապրանքների ներմուծումը սահմանափակելու Ռուսաստանի առաջարկին

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության նիստում Ռուսաստանն առաջարկեց Մաքսային միության շրջանակում իր գործընկերներ Բելառուսին ու Ղազախստանին ընդունել նոր ռեժիմ ուկրաինական ապրանքների համար, որով սահմանափակվելու էր դրանց ներմուծումը: Սակայն Բելառուսն ու Ղազախստանը հրաժարվեցին ընդունել նորացված նախագիծը: Ըստ Մաքսային միության կանոնների, Ռուսաստանն իրավունք է ստանում գործելու միակողմանի կարգով: Բելառուսի փոխվարչապետ Սերգեյ Ռումասը հաստատել է այս տեղեկատվությունը: Ըստ նրա, Բելառուսը կտրուկ դեմ է եղել առաջարկին: Նա վստահ է, որ այս պահին հնարավոր չէ գնահատել ԵՄ և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի հնարավոր սպառնալիքները, ուստի շտապողական միջոցների անհրաժեշտությունը չկա, հայտնում է ՏՎՑ-ն:

Ավելի վաղ, հունիսի 27-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրեց Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչը: ՌԴ ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ եթե սպառնալիք առաջանա Ռուսաստանի տնտեսությանը, ՌԴ-ն ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել: Որպեսզի ասոցացման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնի, այն պետք է վավերացվի Եվրոպայի երկրների և Ուկրաինայի խորհրդարանների կողմից, սակայն, ըստ փորձագետների, մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտն ուկրաինացի խորհրդարանականները չեն հասնցի վավերացնել փաստաթուղթը:

Հունիսի 26-ին ԵՏՄ ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսկին հայտարարեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման համար ամսվա վերջում: Հայաստանի, ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները պետք է որոշեն փաստաթղթի ստորագրման վայրն ու ամսաթիվը, նշել է նա:

Ավելի վաղ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ կարծիք են հայտնել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման ժամկետը հետաձգվում է:

Հունիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չկարողացավ հստակ ասել, թե արդյոք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի մինչև հուլիսի 1-ը: Նա նշել է, որ բանակցությունները դեռ ավարտված չեն: Նախարարը գերադասել է չբարձրաձայնել այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով անդամակցության հարցը հետաձգվում է:

Մինչ այդ, մեկնաբանելով լրագրողների այն հարցը, թե կոնկրետ երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նույնպես խուսափել էր կոնկրետությունից՝ սահմանափակվելով միայն այն փաստի գրանցումով, որ ըստ ընդունված որոշման պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման համար մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:

Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը:

«Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---