ԱՄՆ Պետդեպը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է անում հանդիպել Փարիզում![]() 1 հուլիսի 2014 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրենտ Հարթլին կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է Turan գործակալությունը: «Մենք հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկն ու կհանդիպեն Փարիզում»,- ասել է Հարթլին: Ընթացիկ տարվա մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն հայտնեց ընդունելու Փարիզում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին համանախագահների հետ միասին: «Շվեյցարիայի նախագահ Բուրկհալթերի հորդորը բանակցություններն առավել առարկայական դարձնելու վերաբերյալ «նույնպես հնարավորություն է տալիս կողմերին առաջ մղել բանակցային գործընթացն»,-ասել է Հարթլին՝ ելույթ ունենալով Վիեննայում անվտանգության ԵԱՀԿ ամենամյա խորհրդաժողովում: Լինելով Երևանում հունիսի սկզբին՝ Շվեյցարիայի ԱԳ նախարար ու նախագահ և ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալթերը հայտարարել է, որ Շվեյցարիան, լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, իր ջանքերը կուղղի հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման խթանմանը, սակայն մինչ օրս դա չի իրագործվել: Նա նաև նշել է, որ Շվեյցարիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանն ու ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս հնարավորություն չի եղել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու մասին առաջարկը կյանքի կոչելու համար: «Երկու կողմերի միջև ժողովրդական դիվանագիտությանն ուղղված ջանքերը «նույնպես կարող են նպաստել կայուն կարգավորմանը, օգնելով երկու երկրների քաղաքացիներին պատրաստվել խաղաղության»,-ասել է Հարթլին: Այնուհետև ամերիկացի դիվանագետը նշել է ԵԱՀԿ զգալի փորձը հակամարտությունների կարգավորման հարցում: «Ճգնաժամն Ուկրաինայում հաստատեց այդ կազմակերպության դերը ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման հարցում: Բացի այդ, ի հայտ բերեց թույլ կողմերը, որ պետք է շտկվեն: Մենք պետք է պատրաստ լինենք քայլեր ձեռնարկելու, որոնք անհրաժեշտ են եվրոպական անվտանգության համար առավել մեծ վտանգ պարունակող խնդիրների լուծման համար»,-ասել է նա՝ հորդորելով ԵԱՀԿ-ին ակտիվացնել գործունեությունը հակամարտությունների հանգուցալուծման հարցում, հայտնում է Contact.az-ը: ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |