Նախարարը «ոգևորված չէ» էլէներգիայի նոր սակագնով. Քառյակը ՍԴ դիմելու հիմքեր ունի (թարմացված) 2 հուլիսի 2014 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ չորս խմբակցությունները հուլիսի 2-ին համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել` ամփոփելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի շուրջ ծավալված իրադարձությունները: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, թե քառյակի ներկայացուցիչները նախօրեին մասնակցել են ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հանձնաժողովի նիստին և հիմնավոր փաստարկներ ներկայացրել, թե ինչու հոսանքի գինը չպետք է թանկանա: Սակայն հանձնաժողովի անդամների և արտադրող ընկերությունների ղեկավարների կողմից որևէ հակափաստարկ չի հնչել, ու նրանք միաձայն քվեարկել են թանկացման օգտին: Մելքումյանը նշե, որ եթե այս կերպ շարունակվի, էլեկտրաէներգիայի գինը կշարունակի թանկանալ տարեցտարի: «Պետությունը կարող է այս քայլերը իրականացնել` մեղմելու համար, և խնդիրը ոչ թե մասնագիտական դաշտում է, այլ քաղաքական, և մենք երեկ ականտեսը եղանք` որոշումը միայն քաղաքական դաշտում է»: Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովում հուլիսի 1-ին կայացել է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով նիստը, որի արդյունքում էլէներգիան օգոստոսի 1-ից 3,85 դրամով, կամ մոտ 10 տոկոսով թանկացնելու որոշում է ընդունվել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ասել է, որ, իր կարծիքով, որոշումը քաղաքական էր: Ըստ նրա` ՀԾԿՀ «կրակն է ընկել» քաղաքական որոշումների ձեռքին, որն իրականացնում է իշխանությունը: Հակոբյանի խոսքով` քառյակը երբեք չի գնացել կատեգորիկ մերժման, գնացել է այլընտրանքի ճանապարհով, առաջարկել է լուծումներ, ու այս դեպքում էլ իրենք գնալու են նման քայլի, որովհետև տեսնում են, որ կան մութ գործարքներ: «Կտեսնեք, որ այն ինչ արվում է, կարող է ընդհանրապես չարվել, միայն եթե կարողանանք թափանցիկ ապահովել, թե ինչպես է գործում համակարգը: Այո, փակ տարածք է, չկա թափանցիկ հայացք, որ վերահսկենք` ինչ է կատարվում այստեղ: Սա հակաօրինական է, ու քառյակը բավական ուշադիր է սրա նկատմամբ»,- նշել է նա` հավելելով, որ էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում կյանքը մոտավորապես տասը տոկոսով թանկանալու է: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասել է, թե իշխանությունները վստահ էին, որ հանձնաժողովը քվեարկելու է էլեկտրաէներգիայի թանկացման օգտին: «Իրենք հարյուր տոկոսով գիտեին, որ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը խելոք, ղզիկ-մզիկ քվեարկելու է, ու բոլորը հայացքները ներքև քվեարկեցին: Փաստ էր, որ որոշումը քաղաքական էր: Այս անգամ մեր արգումենտները և քաղաքական էին, և ֆինանսական»,- շեշտել է ՀԱԿ պատգամավորը` ավելացնելով, որ ՀԾԿՀ-ն սուսիկ-փուսիկ կատարում է իշխանության պատվերը, ու բացարձակ անկախ մարմին չէ: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նշել է, որ իշխանությունները ցանկացած իրավիճակում, որտեղ սոցիալական, քաղաքական հնչեղության հարցեր են առաջանում, բացահայտում է իր իսկ սնանկությունը: Նա նշել է, որ մենք ականատես ենք փլուզվող տնտեսության, ապա հավելել, որ իշխանությունները ունեն ֆինանսական միջոցների կարիք, որոնց համար կա երկու աղբյուր, գրում է «Հետքը»: «Առաջին աղբյուրը ժողովրդից կորզելն է, ինչ հնարավոր է, ինչ մնացել է, մյուսն էլ՝ դրսից պարտքեր բերելը: Մենք ունենք էներգետիկ համակարգ, որը պետք է տնտեսության շարժիչ ուժը դառնար, բայց այդ համակարգը իր ուժը կորցնում է: Մենք եղել ենք էներգիայի արտահանող, բայց սա էլ հարվածի տակ է, որովհետև պարզվում է, որ մենք էներգիա Վրաստանից ստանում ենք: Ուստի կա տնտեսությունը փրկելու կարիք: Հանրային ծառայությունները կարգավորող մարմինն էլ իր դերի մեջ չէ, չի կատարում իր քայլերը, գործառույթները, և այստեղ հիմք կա Սահմանադրական դատարան դիմելու` օրենքի թերությունները վերհանելու ուղղությամբ: Ճիշտը այն կլիներ, որ հետաձգտվեր քվերակությունը, բայց պատվեր կար վերևից»,- ընդգծել է Ռուստամյանը: Արամ Մանուկյանը նշել է, թե քառյակը էլեկտրաէներգիայի թանկացման առնչությամբ որոշում չունի, բայց այն, որ կարելի է թանկացում չանել, համոզված է. «Մենք ուզում ենք իշխանությանը համոզել, որ թանկացման չգնան, որովհետև արտագաղթ է տեղի ունենալու, գնաճ: Գուցե անհույս լավատեսություն է` համոզենք հետ կանգնեն այս խնդրից, բայց մենք նպատակ չունենք նրանց խարազանելու»: «Սակագնի բարձրացմամբ զբաղվելը հաճելի գործ չէ, և եթե մեղմ արտահայտվեմ, ապա ես էլ ոգևորված չեմ սակագների բարձրացումից, սակայն կան հարցեր, որոնք պետք է լուծումներ գտնեն»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը` կապված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ, որքանով էր հիմնավորված: Նրա խոսքերով` Հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր հաշվարկները, որոնք կատարվել են ընդհանուր էներգետիկայի համակարգի ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի հիմնավորումներից հետո, համարում է հիմնավոր և նպատակային: «Ուղղակի սակագների թանկացումն այսօր անխուսափելի է, քանի որ դրանով է պայմանավորած երկրի էներգետիկայի անվտանգությունը և ամբողջ էներգոհամակարգի հետագա կայուն աշխատանքը»,- ասաց Ե.Զախարյանը: Ըստ նախարարի` սակագնի բարձրացումով բոլորն էլ մտահոգ են: Դրանով է պայմանավորված նաև ՀՀ նախագահի առաջարկությունը վարչապետին, որպեսզի գտնեն տարբերակներ` մեղմելու սակագնի բարձրացման ազդեցությունը անապահով ընտանիքների համար: Վարչապետի կողմից, ըստ Ե.Զախարյանի, համապատասխան նախարարություններին արդեն տրվել է հանձնարարություն` մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին որոշում: Նախարարը նշեց, որ որոշման նախագիծը, հավանաբար, կքննարկվի ՀՀ կառավարության հուլիսի 3-ի նիստում, հայտնում է Panorama.am-ը: Արդեն երեկոյան Հանրապետության նախագահը վարչապետին առաջարկել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմելուեղանակներ գտնել: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին մշակել մոտ 105․000 սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Հուլիսի 3-ին այն պետք է ներկայացվի կառավարության քննարկմանը: «Այստեղ միտք հնչեց, որ հանրությունը, երբ ինչ-որ բանի դեմ է, ապա պետք է կանգնեցնել ու չքվեարկել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է լավագույնս կատարի իր գործը: Մենք վաղուց ու մանրամասն ուսումնասիրում ենք այս երևույթները` ցանկացած սակագնի վերանայում պետք է լրջագույնս հիմնավորում ունենա: Ես ձեզ բոլորիդ կարող եմ ասել` եթե կգտնեք մի ռեզերվային աղբյուր, որը կարող է սակագնի փոփոխության չբերել, մենք ժամանակ ունենք մինչև օգոստոս և պատրաստ ենք դա քննարկել: Իհարկե աղքատություն կա և սա սոցիալական բեռ է իր հետ առաջացնում, սրանք լուրջ հետևանքներ են, բայց այդ հարցերը պետք է ուղղել պատկան մարմիններին»,- նիստի եզրափակիչ ելույթում հայտարարել է Նազարյանը: Նա զգուշացրել է, որ «եթե մենք հիմա ճիշտ ազդակ չհաղորդենք այդ համակարգին, ապա համակարգի կայունությունը կարող է խարխլվել և մենք ավելի շատ կտուժենք, քան սոցիալական բեռն է իրենից ենթադրում»: «Մեծ սիրով ես ընդհանրապես այս նիստը չէի հրավիրի, բայց տա Աստված յուրաքանչյուր օղակ կատարի իր գործը. ես ավելին չեմ կարող ասել, անել: Ցույց տվեք այդ ռեզերվները.... համենայնդեպս, մենք դրանք չենք տեսնում համակարգի ներսում»,- հավելել է Նազարյանը, հարցը դրել քվեարկության և հայտարարել, որ որոշումն ընդունվել է: Զուգահեռ ՀԿԾՀ նիստում, որի աշխատանքներն ընթանում էին դրսում հավաքված ակտիվիստների «Ամոթ, ամոթ» գոչյունների տակ, հայտարարվել է, որ էներգետիկ համակարգում ճեղքվածքը կազմել է շուրջ 18 մլրդ դրամ, ինչն էլ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անհրաժեշտություն է առաջացրել: Հունիսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: ՀԾԿՀ-ն շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնում են ստիպված։ ՀԾԿՀ-ն, հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է մոտ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |