40 մլն դոլար՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի ֆինանսավորում 3 հուլիսի 2014 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը և հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարևորություն ունեցող երեք ենթակայանների` Հաղթանակի, Չարենցավան-3-ի և Վանաձոր-1-ի վերակառուցման ծախսերը: Հայաստանում Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ էներգամատակարարման ենթակառուցվածքների շահագործման միջին ժամկետը շուրջ 45 տարի է և վերջին տասնամյակների ընթացքում հիմնանորոգումներ ու վերազինումներ տեղ չեն գտել: Ներկայումս ընթացքի մեջ գտնվող Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը նպատակ ունի մեծացնել երկրի էներգամատակարարման համակարգերի հուսալիությունը՝ էներգափոխանցման ցանցի հիմնական ենթակառուցվածքների թողունակության բարելավման միջոցով: Փոխարինման ընթացքում է գտնվում էներգափոխանցման լարերի շուրջ 230կմ հատված՝ Հրազդանի ՋԷԿ-ից մինչև Շինուհայր ենթակայան: Այս ներդրումների շնորհիվ էներգափոխանցման համակարգի այդ հատվածում կմեծանա թողունակությունն ու հուսալիությունը՝ նվազեցնելով գծի խափանումները և դրա հետ կապված էներգամատակարարման ընդհատումները: «Ընտրված ենթակայանների վերակառուցմամբ համակարգը կդառնա առավել հուսալի ու խնայող, որի անմիջական օգուտները կզգան Հայաստանի բոլոր էներգասպառողները, արդյունքում հնարավոր կլինի խուսափել հոսանքի ընդհատումների հաճախակիացումից, որը զգալի սոցիալական ու տնտեսական ծախսեր է առաջացնում»,-ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին: Տրամադրվող ֆինանսավորումն ուղղվում է ներդրումային կարիքների շարքում առաջնայնություն ստացած ենթակառուցվածքներին: Պահանջվում է «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցում ու ընդարձակում, ինչն հույժ կարևոր է Երևանի արևմտյան մասի բաշխիչ ենթակայանների ու սպառողների համար հուսալի էներգամատակարարում ապահովելու համար: «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանները սպասարկում են Հայաստանի հյուսիսային ու հյուսիս-արևելյան հատվածի բնակիչ-սպառողներին ու խոշոր արդյունաբերական սպառողներին: «Չարենցավան-3» ենթակայանը նաև գործում է որպես փոխանցող կայան՝ 6 այլ ենթակայանների համար: Այս երեք ենթակայանների վերակառուցման և ընդարձակման աշխատանքներին անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հնարավորինս շուտ: Կառույցների մի շարք առանցքային հատվածների և հիմնական սարքավորումների շահագործման ընդունված ժամկետները վաղուց անցել են և դրանց հաճախակի խափանումները կարող են հանգեցնել զգալի բացասական հետևանքների: Մասնավորապես՝ որոշ ենթակայաններում կան սարքավորումներ, որ մոնտաժվել են դեռևս 1930-ականներին ու երբևէ չեն թարմացվել: «Ընթացքի մեջ գտնվող ծրագրի շրջանակում կատարելագործվել են «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կարողությունները, և այս ընկերությունը կշարունակի մնալ որպես իրականացնող կառույց նաև այս փուլում, սա կարևոր է իրականացման արդյունավետության և նոր ներդրումների կենսունակության ապահովման համար»,-ասել է ՀԲ ծրագրային թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանը: Ծրագիրը հիմնվում է Համաշխարհային բանկի կուտակած փորձի և նախկինում Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացված աշխատանքներից քաղած դասերի, ինչպես նաև այլ երկրներում իրականացրած էներգափոխանցման համակարգին առնչվող ծրագրերի վրա: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 50 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության ներդրումն է: Համաշխարհային բանկը տրամադրում է 40 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ: 1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար: Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովում հուլիսի 1-ին կայացել է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով նիստը, որի արդյունքում էլէներգիան օգոստոսի 1-ից 3,85 դրամով, կամ մոտ 10 տոկոսով թանկացնելու որոշում է ընդունվել: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը հունիսի 2-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ սակագների խնդիրը սառած խնդիր չէ և ժամանակ առ ժամանակ կատարվում է վերանայում: Բայց այս պահին հստակ որևէ բան չկա: Ըստ նրա, այս պահին էներգետիկ համակարգում ստեղծված են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են մի շարք օբյեկտիվ հանգամանքներով` սակավաջուր տարիներ են եղել, որոնց հետևանքով նվազել է հիդրոարտադրանքը, և ալն. «Քննարկումներ ընթանում են և երբ դրանք բերեն նրան, որ սակագին պետք է վերանայվի` կարվի: Էլէներգիայի վերջին թանկացումից անցել է մեկ տարի՝ 2013-ի հունիսի 7-ին ՀԾԿՀ-ն որոշել էր ՀՀ բնակչությունից 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց գանձել 38 դրամ՝ բարձրացնելով գինը 8 դրամով։ Որոշումը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, դրա դեմ ստորագահավաք ու ցույցեր էին սկսվել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |