Դատավորը որոշել է կալանավորել Հայրապետյանին` անտեսելով մահացու ախտորոշումը. Գործարարը տառապում է քաղցկեղով18 հուլիսի 2014 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Մահացու ախտորոշումը չի խանգարել աշխարհի ամենահարուստ հայերից մեկի` Լևոն Հայրապետյանի կալանավորմանը: Ինչպես գրում է Business FM-ը, Հայրապետյանի երեք պաշտպանները կտրականապես դեմ են եղել դատարանի` 2-ամսյա կալանք նշանակելու որոշմանը: Նրանք քննիչների փաստարկները դատարկաբանություն են անվանել և խնդրել են կալանավորման մասին միջնորդությունը մերժել: Մոսկվայի Բասմանյան դատարանը հուլիսի 17-ին բավարարել է գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան: Նա նաև նշել է, որ գործի քննության շրջանակում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության 300 մլն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի փաթեթի վրա: Որոշումն ընդունելիս դատարանը հաշվի է առել, որ ազատության մեջ գտնվելով` Հայրապետյանը կարող է օգտվել իր կապերից և թաքնվել հետաքննությունից, ինչպես նաև` ազդել քրեական գործով ներգրավված մասնակիցների վրա: Պաշտպանները պատմել են, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում` քաղցկեղով: Վերջինս մտնում է 2011-ին հաստատված այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում մեկուսարանում գտնվելն անհնար է: Հայրապետյանի բուժող բժիշկը հաստատել է դա: Կալանավորմանը այլընտրանք փաստաբաններն առաջարկել են որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը: Ինքը Հայրապետյանը նշել է, որ կասկածները ոչնչով հիմնավորված չեն, և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ: Ի վերջո, մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելով, դատավորը որոշել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Հայրապետյանի պաշտպանները հայտարարել են, որ անմիջապես բողոքարկելու են դատավորի որոշումը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայ գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալության հարցում երկու վարկած է առաջ քաշում. կա՛մ ադրբեջանական ուղղություն է, կա՛մ հայաստանյան։ «Ռուսական ուղղություն բացարձակ չեմ տեսնում, որովհետև Ռուսաստանում գործարարներին բռնում են այն դեպքում, երբ ընդդիմադիր հոսանքների ֆինանսավորման խնդիր է լինում։ Այս հարցում Հայրապետյանը խիստ պասիվ է, ուստիև մնում է հայկական և ադրբեջանական տարբերակը»,- նշել է նա։ Ադրբեջանականը գործոնը նա տրամաբանական է համարում, իսկ հայաստանյան հետքի հարցում նա ոչ միայն հիշեցնում է Հայրապետյանի վերջին շրջանում իշխանություններին ուղղված քննադատությունները, այլ նաև ՀՀ պաշտոնական արձագանքը, մասնավորապես՝ Հովիկ Աբրահամյանի կողմից։ «Հայրապետյանը վերջին շրջանում խիստ քննադատում էր ու նաև փոփոխությունների մասին էր խոսում Հայաստանում և այդ առումով հետաքրքիր է ՀՀ-ի պաշտոնական չեզոք դիրքորոշումը, չհաշված Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությունը, թե՝ «որ եթե մեղավոր է ոնց չբռնեն», այսինքն՝ նրանց համար ինքը մեղավոր է»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը, և շեշտել, թե սա այն դեպքում, երբ կա անմեղության կանխավարկած։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը բացի այդ նկատել է, թե այն հոդվածը, որով մեղադրանք են ներկայացնում Հայրապետյանի դեմ, շատ լղոզված է։ Մարտիրոսյանը հիշեցրել է հայաստանյան նմանօրինակ մեկ այլ դեպք՝ Վարդան Օսկանյանի՝ փողերի լվացման հոդվածը և այստեղից չի բացառել տարբերակը, որ ՀՀ իշխանությունները իրենց խնդիրը լուծելու համար նույնիսկ երրորդ երկրին են ներգրավում՝ այս դեպքում Ռուսաստանին, որպեսզի իրենց հայրենակիցների ակտիվությունը չեզոքացնեն, գրում է Tert.am-ը։ ՄիաժամանակԼևոն Հայրապետյանի փաստաբաններից Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, թե այս գործում որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Կա հարուցված քրեական գործ, կա նախաքննական մարմնի միջնորդություն և կա կալանավորելու որոշում: Որտե՞ղ է այստեղ քաղաքականությունը»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Իրավապահ մարմիններում Rosbalt-ի աղբյուրները հայտնել են, որ Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 174 հոդված) և փողերի լվացման (ՌԴ Քրեական օրենսգրէի 160 հոդված) մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունները կատարվել են 2008-ին տեղի ունեցած «Բաշնեֆթ»-ի վաճառքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Իբրև թե Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել է Մակարովի ատրճանակի երկու տուփ փաթեթավորված փամփուշտ: Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին: Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը |