Ռուսաստանի ու Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցները. Ո՞վ կհասնի առավելության

Ռուսաստանի ու Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցները. Ո՞վ կհասնի առավելության

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է մեկ տարով գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սնդդամթերքի ներմուծումը Ռուսաստան ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկներից, հայտնում է Կրեմլի մամլուլի ծառայությունը:

«Հրամանագիրը մեկ տարով արգելում է կամ սահմանափակում է արտաքին տնտեսական գործողությունների իրականացումը, որը նախատեսում է գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների, հումքի ու սննդամթերքի ներմուծումը ՌԴ տարածք այն երկրներից, որոնք որոշում են կայացրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին՝ ՌԴ իրավաբանական ու ֆիզիկական անձանց դեմ, կամ միացել են այդ պատժամիջոցներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սպիտակ տունն, իր հերթին, զգուշացրել է, որ Պուտինի որոշումը կվնասի միայն Ռուսաստանի տնտեսությանը: ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Թերները հայտարարեց, որ արևմտյան երկրների կամ ընկերությունների դեմ պատասխան միջոցները կխորացնեն Ռուսաստանի մեկուսացումն ու մեծապես կվնասեն նրա տնտեսությանը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Բանկը դեռ օգոստոսի 5-ին զգուշացրել էր, որ սնդդամթերքի ներմուծման սահմանափակումը կարող է նպաստել գնաճին Ռուսաստանում, ինչը կանդրադառնա բնակչության գնողունակության վրա, գրում է «Վեդոմոստի» թերթը:

Ըստ ԱՄՆ գյուղնախարարության, 2013-ին Ամերիկան Ռուսաստան է առաքել 1.3 մլրդ դոլարի գյուղմթերք, հայտնում է АР: Իսկ Reuters-ը հայտնում է, որ ընդամենը անցյալ տարի Ռուսաստանը ներկրել է 43 մլրդ դոլարի սննդամթերք, որ երկիրը մրգի ու բանջարեղենի խոշորագույն ներմուծողն է ԵՄ-ից, սակայն 23-րդ տեղում է ԱՄՆ-ից գնումների ծավալով: Ռուսաստան է արտահանվում ամերիկյան գյուղմթերքի ընդամենը 1 տոկոսը: Մանրածախ առևտրի շրջանառության մեջ, ըստ ՌԴ գյուղնախարարության, սնդդամթերքի ներկրումը կազմում է 25-30 տոկոս:

Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, ԵՄ-ն պատրաստ է ԱՀԿ միջոցով պայքարել սննդամթերքի ներմուծման ռուսական արգելքի դեմ, հայտարարել է եվրոպացի դիվանագիտական աղբյուրը: «Քաղաքական դրդապատճառներով լայնածավալ առևտրային արգելքները ԱՀԿ նորմերի խախտում են, որոնք ՌԴ-ն պարտավորվել է պահպանել,-գտնում է դիվանագետը:-Այդ միջոցները վերլուծության կենթարկվեն, որից հետո համապատասխան հայցեր կներկայացվեն ԱՀԿ»:

Բացի այդ, ըստ աղբյուրի, Եվրահանձնաժողովը կսկսի վերլուծել ՌԴ արգելքը ԵՄ-ից սննդամթերքի ներկրման վերաբերյալ հենց որ կհրապարակվի արգելված ապրանքների ցանկը:

Անհրաժեշտության դեպքում «առաջիկայում կգումարվի ԵՄ Խորհրդի նիստը այն մակարդակով, որն անհրաժեշտ կլինի»: Ռուսական արգելքը «անդառնալի միջոց է», «որը կարող է միլիարդավոր եվրոյի վնաս հասցնել, ինչպես եվրոպացի, այնպես էլ ռուսաստանցի սպառողներին», հայտարարել է աղբյուրը:

«Այս արգելքը, որը թիրախային չէ, կարելի է դիտարկել որպես անպատասխան և ուղղված է ՌԴ ու Արևմուտքի երկրների դեմ: Ըստ նախնական գնահատականների, վնասը կարող է հասնել մի քանի միլիարդ եվրոյի»,-ասել է դիվանագետը: Նա գտնում է, որ ռուս սպառողը «կվճարի այդ որոշման համար սննդամթերքի գների բարձրացմամբ, քանի որ հարկ կլինի մարել տրանսպորտային ծախսերը՝ որակյալ ու էժան եվրոպական ներմուծումը փոխարինելու համար»:

Նա նաև կարծիք է հայտնել, որ, նման սահմանափակումների գնալով, «ռուսական ղեկավարությունը նպաստում է ՌԴ միջազգային մեկուսացման խորացմանը»:

ՌԴ ավիացիոն իշխանությունները նույնպես մի շարք միջոցներ են մշակում ԵՄ պատժամիջոցներին ի պատասխան: Մասնավորապես, կարող են կասեցվել որոշ եվրոպական չարթերային թռիչքներ, կարող է փակվել տարանցումը ուկրաինական ավիափոխադրումների համար:

Ի պատասխան ԵՄ-ն կարող է փակել երկինքը ռուսական ավիաընկերությունների համար, այդ մասին հայտարարել է Գերմանիայում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ռիխարդ Քյունելը:

Ըստ նրա, Եվրամիությունը կարող է գործել «ակն ընդ ական» սկզբունքով:

Մինչդեռ, Բելգիայի օդաչուների ասոցիացիայի ներկայացուցիչ Ֆրանսիս Ուիթեննհոֆեն, իր հերթին, հայտարարեց, որ եթե Ռուսաստանն արգելի անդրսիբիրյան թռիչքները, դա կստիպի եվրոպական ընկերություններին Ասիա թռչել Հյուսիսային բևեռի վրայով, որի հետևանքով թռիչքների տևողությունը կավելանա 3-4 ժամով, գրում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ ճյուղային պատժամիջոցներ էր սահմանել: ԵՄ նոր պատժամիջոցներով ԵՄ-ն կսահմանափակի ռուսական ընկերությունների մուտքը կապիտալի իր շուկաներ: Նաև էմբարգո է սահմանվում զենքի ու զինամթերքի առաքումների ու առևտրի վրա, դա վերաբերում է նաև երկակի նշանակության ապրանքներին: Բացի այդ, ՌԴ-ն չի կարողանա օգտվել նոր եվրոպական տեխնոլոգիաներից, հատկապես նավթի ոլորտում: Ընդլայնվել է նաև այն անձանց ցանկը, ում մուտքը Եվրոպա արգելված է:

Օգոստոի 1-ին ուժի մեջ մտան Եվրամիության պատժամիջոցները ՌԴ Խնայբանկի, Գազպրոմբանկի, Վնեշէկոնոմբանկի, ՎՏԲ և Ռոսսելխոզբանկի դեմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---