ԱՄՆ-ն պետք է կասեցնի ռազմական օգնությունը Բաքվին. Կոնգրեսականներն Ադրբեջանի ագրեսիայի մասին

ԱՄՆ-ն պետք է կասեցնի ռազմական օգնությունը Բաքվին. Կոնգրեսականներն Ադրբեջանի ագրեսիայի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանն ու Դևիդ Սիսիլինը ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության սրացման մասին հայտարարություններ են արել, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ԶՈւ հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ:

«Արդեն 20 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրում է մշտական սպառնալիքների ու ադրբեջանական դիպուկահարների կրակի տակ: Անցյալ շաբաթ ադրբեջանական կողմը կրկին դիվերսիաների դիմեց, որոնք երկու կողմից զինծառայողների կյանքեր խլեցին: Ադրբեջանի ագրեսիան պետք է վճռականորեն դատապարտվի, ԱՄՆ-ն պետք է հորդորի Բաքվին հետ քաշել զորքերն ու հրաժարվել դիպուկահարներից: Քանի դեռ դա չի արվել, ԱՄՆ-ն պետք է կասեցնի ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին»,- ասել է Ադամ Շիֆը: Կոնգրեսականը հիշեցրել է, որ Սոչիում նախատեսված է Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը և նշել, որ արդյունքի հասնելու համար Իլհամ Ալիևը պետք է հրաժարվի իր ռազմատենչ հայտարարություններից:

Ըստ Բրեդ Շերմանի, ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր խոսքն ասի այս երկարատև ու վտանգավոր վեճում: Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ապագան, ազատ ադրբեջանական սպառնալիքից ու բռնությունից, ասել է Շերմանը: Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը հետագայում ձեռնպահ կմնա Հայաստանի ու Ղարաբաղի դեմ ագրեսիայից՝ փոխարենը նստելով բանակցային սեղանի շուրջ:

Դևիդ Սիսիլինը նույնպես մտահոգություն է հայտնել ղարաբաղյան գոտում լարվածության վերաբերյալ և հույս հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան վերականգնել խաղաղությունը:

«Շարունակվող ագրեսիան կասկածի տակ է դնում հրադադարի ռեժիմի մասին 20 տարի առաջ ստորագրված համաձայնագիրը»,- ասել է կոնգրեսականը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը կհամաձայնվի հրաժարվել հարձակումներից՝ մարդկային կյանքերը պահպանելու ու լարվածությունը նվազեցնելու համար, գրում է Asbarez-ը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստան՝ Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի և Ադրբեջանական նախագահների հետ, որտեղ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպմանը ներկա չեն լինի:

Ինչպես Կառավարության օգոստոսի 7-ի նիստին զեկուցել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր: Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ էր ձեռնարկել, բայց ժամանակին հայտնաբերվել էր ու հետ շպրտել ելման դիրքեր: Դիմակայության ընթացքում զոհվել էր ԼՂՀ ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը, ով ավելի ուշ Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով», ՀՀ նախագահի՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Եվս երեք հայ զինվոր վիրավորվել էր, նրանցից 1994-ին ծնված զինծառայող Սարգիս Մովսիսյանն օգոստոսի 3-ին հոսպիտալում մահացել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հայտարարել է 4 զոհի ու մի քանի վիրավորի մասին։

Օգոստոսի 2-ի երեկոյան հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման ևս մեկ փորձ է ձեռրակնվել, այս անգամ՝ արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ զոհված զինվորի:

Եվս մեկ դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանցիները ձեռնարկել էին օգոստոսի լույս 1-ի գիշերը, որի արդյունքում հակառակորդը հայտնել էր իր 8 զինծառայողի կորստի մասին: Ըստ որոշ տվյալների, հակառակորդը 11-14 զոհ էր տվել ու մոտ 30 վիրավոր: Հայկական կողմը կորուստներ չէր ունեցել։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր ձեռնարկել շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Գործողության արդյունքում զոհվել էր ՊԲ 2 զինծառայող՝ Արարատ Խանոյանը և Աշոտ Ասոյանը, ավելի ուշ ՀՀ նախագահի կողմից նրանք հետմահու պարգևատրվել էին Մարտական ծառայության մեդալով։ Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել էր մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:

Ադրբեջանի ՊՆ-ն նախ հերքել էր իր կորուստների մասին լուրերը, ապա՝ հայտարարել իր զինծառայողի, ավելի ուշ նաև մեկ ենթասպայի մահվան մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---