Գերիների հարցերով հանձնաժողովն անկախ փորձագետներից Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն է պահանջում

Գերիների հարցերով հանձնաժողովն անկախ փորձագետներից Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն է պահանջում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում օգոստոսի 7-ից գերեվարված Կարեն Պետրոսյանի անակնկալ մահը դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնավոր կասկածների տեղիք է տալիս, ինչը «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» ամրագրված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում է: Այս մասին ասվում է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի տարածած հայտարարությունում։ Դրանում նաև ասվում է․

«Օգոստոսի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունն օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ: ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 7-ին, դեռևս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական իշխանությունների զանազան մեկնաբանություններին, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Կարեն Պետրոսյանը ՀՀ ԶՈւ զինծառայող չէ: Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ:

Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Հաշվի առնելով վերոնշյալը` չպարզված հանգամանքներում Պետրոսյանի անակնկալ մահը նրա հանդեպ դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնավոր կասկածներ է ծնում, ինչը «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» ամրագրված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարում է: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովն անկախ միջազգային փորձագետների կողմից պաշտոնապես պահանջում է դիակի դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառները պարզելու համար:

Հանձնաժողովը համապատասխան միջազգային կառույցներին կոչ է անում հետևողականություն դրսևորել` գործի անաչառ և լիարժեք քննություն իրականացնելու համար»:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, այսօր՝ օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։

Ըստ ադրբեջանական Haqqin.az-ի՝ այժմ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Երեկոյան Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը երեկ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Photo: ANS Press
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---