Հակառակորդի կրակոցներից Այգեպարում երկու տուն է այրվել

Հակառակորդի կրակոցներից Այգեպարում երկու տուն է այրվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին՝ ժամը 04։20-ին, արտակարգ իրավիճակների նախարարություն են ահազանգել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի Այգեպար գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորությամբ դադարեցրել է ընթացքն ու հերթապահություն իրականացրել:

Պարզվել է, որ այրվում են 130 քմ մակերեսով Ա. Վ.-ին և 120 քմ մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները: Հրդեհն ինքնամարվել է, տներն ամբողջությամբ այրվել են:

Գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով, տները հրդեհվել են հակառակորդի կրակոցից։

«Ամբողջ գյուղով փորձել ենք մի բան անել, սակայն չի ստացվել։ Մնացել են իրենք իրենց շորերի հետ դրսում, ոչինչ չեն կարողացել հանել տանից։ Երկու տունն էլ մոխիր է դարձել, ոչինչ չի մնացել»,- ասել է գյուղապետը, գրում է Tert.am-ը։

Նա նշել է, որ չնայած կրակոցներն արդեն դադարել են, բայց իրավիճակը լարված է։

«Կրակոցները անտանելի շատ են լինում»,- նշել է նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, մեր կողմից պատասխան կրակ է բացվել։

Ինչպես ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը:

«Մասնավորապես, տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշներով կրակել են Տավուշի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցրել են»,- գրել է նա՝ հավելելով, որ միջադեպերի և դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր Տավուշի սահմանամերձ գյուղեր, ինչով պայմանավորված, ըստ Այգեպարի բնակիչների, ադրբեջանական կողմը սաստկացրել էր գնդակոծությունը:

Երեկոյան ադրբեջանցիները թիրախավորել էին դիրքերից մեկի մոտ կայանված մեքենան։ Տերը չէր տուժել, բայց կրակոցներից հրդեհվել էր տարածքի խոտն ու ի վերջո հրդեհը հասել մեքենային, որը պայթել էր։

Օգոստոսի 7-ին նախարար Օհանյանն այցելել էր առաջնագիծ, ապա եղել մի շարք գյուղերում։ Սեյրան Օհանյանը հանդիպել էր գյուղացիներին, լսել վերջիններիս հոգսերն ու խնդիրները:

Հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել էին սահմանին տիրող վիճակի, լարվածության, ինչպես նաև՝ հակառակորդի պահվածքի մասին: Նախարարի այցն ավարտվել է օգոստոսի 8-ի երեկոյան։

Օգոստոսի լույս 9-ի գիշերն ու առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

ՀՀ ՊՆ օպերատիվ տվյալներով` օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում սահմանին հրադադարը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 86 կրակոց, տուժածներ չունենք:

Հուլիսի վերջից հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ են 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով, այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18․000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13․000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսից 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների է դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում։

Հակառակորդն օգտագործում է այնպիսի մեծ զինատեսակներ, ինչպիսիք են ձեռքի հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետեր, 23 միլիմետրանոց զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետեր:

Ադրբեջանական կողմն այլ գործողությունների էլ է դիմում` մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է զինտեխնիկայի տեղաշարժ, իրականացվում է ավիացիայի և ուղաթիռների ակտիվություն, ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերը, տարվում է ակտիվ տեղեկատվական քարոզչություն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---