Քեսաբցիները ՀՀ քաղաքացու անձնագիր են ստացել. Կյանքն աստիճանաբար բնականոն հունի մեջ է ընկնում![]() 9 սեպտեմբերի 2014 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը սեպտեմբերի 4-ից 6-ն այցելել է Քեսաբ և Լաթաքիա: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագրեր: Շնորհավորելով քեսաբահայերին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցութամբ` Տիգրան Գևորգյանը բարձր է գնահատել քեսաբցի հայ մարդու` իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը: Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին` քեսաբահայության նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության և հոգատարության համար: Արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ու Քեսաբի քաղաքապետը քննարկել են քեսաբցիների առջև ծառացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 6-ին, Լաթաքիայի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն անցկացրել են հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող հայերի համար: Օգոստոսի 26-ին «Քեսաբ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթը ուղղվելու է Քեսաբի ազգային ուսումնասիրաց վարժարանի վերականգնմանը, որտեղ սովորում է 200 քեսաբահայ երեխա: Միևնույն ժամանակ, Հայաստանի սփյուռքի նախարարության սփյուռքի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանի խոսքով, Սիրիայում շարունակվում են ականներ պայթել, դիպուկահարներ են կրակում, իսկ այնտեղ ապրող հայերը նույն վիճակում են, ինչ այդ երկրի մյուս բնակիչները, գրում է Panorama.am-ը: Նա նշել է, որ իրավիճակը չի փոխվել և անկանխատեսելի է: Անդրադառնալով քեսաբահայերի՝ իրենց տներ վերադարձին, Ստեփանյանը նշել է, որ մեծ աշխատանքներ են տարվել և դեռ շարունակվում են՝ հավելելով, որ Հայաստանում դեռ մի քանի քեսաբահայ ընտանիք է մնացել: «Այն, ինչ տեղի էր ունեցել մարտի 21-ի գիշերը, դրանից հետո բնակավայրերն արագ վերականգնել հնարավոր չէր: Բայց կյանքը կամաց-կամաց բնականոն հունի մեջ է ընկնում»: Հարցին՝ քանի հայ կա Սիրիայում և քանիսն են եկել Հայաստան, վարչության պետը պատասխանել է, որ թիվը հստակ չէ, հաշվառում չի կատարվել, բայց իրենց տեղեկություններով՝ 40-45 հազար հայ դեռ կա: Սիրիայից Հայաստան տեղափոխվածներին թիվն այս պահին 12 հազար է: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում: Քեսաբում մոտ 2,5-3 հազար հայ է բնակվում, կա 11 հայկական գյուղ, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ, հիվանդանոցներ: Հայկական եկեղեցու գմբեթի խաչի փոխարեն գրոհայինները սև դրոշ կանգնեցրին: Հունիսի 16-ին Սիրիայի բանակի ու ԶՈւ գերագույն հրամանատարությունը հայտարարեց, որ մեծ թվով ավազակային կազմավորումների անդամների ոչնչացնելով ու նրանց տեխնիկան ու զենքը շարքից հանելով, բանակային ստորաբաժանումները վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը Քեսաբ քաղաքում: Հրամանատարության հայտարարության մեջ կարևորվում է այդ հաջողությունը կապված այդ բնակավայրի առանձնահատուկ աշխարհագրական դիրքի հետ, քանի որ ձախողվեց Թուրքիայի հետ սահմանին դեպի ծով ելքով պլացդարմի ստեղծումն ահաբեկիչների կողմից: Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |