ԵՄ-ն պատրաստ է սատարել Երևանին ու Բաքվին Ղարաբաղի հարցում, եթե վերջիններս քաղաքական կամք դրսևորեն

ԵՄ-ն պատրաստ է սատարել Երևանին ու Բաքվին Ղարաբաղի հարցում, եթե վերջիններս քաղաքական կամք դրսևորեն

PanARMENIAN.Net - ԵՄ-ն պատրաստ է սատարել Երևանին ու Բաքվին, եթե վերջիններս քաղաքական կամք դրսևորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել է Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բաքվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին տեղի ունեցած ճեպազրույցում:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա»,-ասել է նա:

Ֆյուլեն նշել է նաև, որ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը կարևոր են Եվրամիության համար: Ըստ նրա, ԵՄ-ն մտադիր է ամրապնդել գործակցությունը Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:

Ըստ Ֆյուլեի, ԵՄ-ն կարևորում է նաև պայքարը կոռուպցիայի դեմ և քաղաքացիական հասարակության դերն այդ հարցում: «Մենք պետք է հարգանքով վերաբերվենք քաղաքացիական հասարակությանը, որը շատ կարևոր է մեզ համար»,-ասել է եվրահանձնակատարը:

Իր հերթին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդտը հայտրարարել է, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ քաղաքական ասոցացման, տնտեսական ինտեգրման առաջխաղացման գործին: «Մենք հավատում ենք, որ մեր համակարգումն ու գործակցությունը հետագայում կամրապնդվի արտաքին քաղաքականության և անվտանգության որոշ սուր հարցերում»,-ասել է նա, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---