ՌԴ-ն դադարեցնում է Air Armenia-ի աէրոնավիգացիոն սպասարկումը. Ընկերությունում ասում են` պատճառը պատժամիջոցներն են![]() ![]() PanARMENIAN.Net - «Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիա» դաշնային պետական ունիտար ձեռնարկությունը սեպտեմբերի 21-ից դադարեցնում է Air Armenia ավիաընկերության աէրոնավիգացիոն սպասարկումը ՌԴ օդային տարածքում: Ինչպես ասվում է ձեռնարկության հաղորդագրության մեջ, տևական ժամանակ է, ինչ Պետկորպորացիան հետաձգել է հայկական ավիափոխադրողի համար ՌԴ տարածքում աէրոնավիգացիոն սպասարկման համար վարձի գանձումը: Չնայած, որ Air Armenia-ին բոլոր հնարավորությունները տրվել էին պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չձեռնարկեց պարտքային բեռը թեթևացնելու համար: Այժմ Air Armenia-ի ժամկետանց պարտքը կազմում է մոտ 400.000 դոլար, ընթացիկը՝ ավելի քան 700.000 դոլար: Սակայն ըստ Air Armenia ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Սիրական Համբարձումյանի` Ռոսավիացիայի հետ կապված խնդիրը զուտ տեխնիկական է և չվացուցակի վրա որևէ կերպ չի անդրադառնալու: PanARMENIAN.Net ի հետ զրույցում նա նշեց, որ դեռևս 1,5 ամիս առաջ բոլոր փոխանցումները կատարվել են ժամանակին և առանց խնդիրների: «Վերջին շրջանում մեր կողմից իրականացվող փոխանցումները չեն հասնում հասցեատիրոջը: Պատճառը պարզ է` ԱՄՆ-ի և ԵՄ կողմից իրականացվող պատժամիջոցները: Բանն այն է, որ դրանք տարածվում են նաև այն բանկի վրա, որի հետ համագործակցել ենք այսքան ժամանակ և որտեղ գտնվում են հաշիվները` «ՍՆՊ- Բանկ» (СНП-Банк)»,- ասաց Սիրական Համբարձումյանը: Նա նշել է, որ մինչև այդ բոլոր փոխանցումները կատարվել են ԱՄՆ դոլարով: Պատժամիջոցների կիրառումից հետո Ռոսավիացիայի հետ պայմանավորվել են փոխանցումները կատարել ռուբլիով, 2 փոխանցում (ընդհանուր 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք ռուբլի) բարեհաջող կատարել են, սակայն 3-րդ անգամ հայաստանյան բանկը տեղեկացրել է, որ ռուբլիով փոխանցում ևս չեն կարող կատարել: «Դրանից հետո Մոսկվայում մեր ներկայացուցիչը կրկին հանդիպել է Ռոսավիացիայի հետ, պայմանավորվել են, որ սեպտեմբերի 21-ին մեզ նոր բանկի տվյալներ կփոխանցնեն ու նոր հաշվեհամար, որին էլ կկարողանանք փոխանցում կատարել: Տարածված տեղեկատվությունը ճիշտ է միայն մասամբ: Այո, մենք ունենք 400.000 դոլար պարտք և ևս 700.000 ընթացիկ պարտք: Առաջինն արդեն բացատրեցի` ինչի արդյունքում է, իսկ այդ 700.000-ն աշխատանքային ընթացիկ պարտք է և խնդրահարույց չէ»,- ներկայացրեց Air Armenia ավիաընկերության մարքեթինգի բաժնի ղեկավարը` ևս մեկ անգամ շեշտելով, որ թռիչքների ժամանակագրության վրա խնդիրը որևէ կերպ չի անդրադառնալու: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով: Հուլիսի վերջում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ֆիզիկական անձանց ու առանձին ընկերությունների հանդեպ անհատական պատժամիջոցներից անցան ռուսական տնտեսության կոնկրետ ոլորտների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն: Ի պատասխան Ռուսաստանը սահմանափակեց որոշ ապրանքների ներմուծումը պատժամիջոցներ կիրառած երկրներից: Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կազմակերպման պետկորպորացիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ աէրոնավիգացիոն սպասարկման համար նախատեսված միջոցներն օգտագործվում են, առաջին հերթին, ավիակարգավարներին վարձատրելու, թռիչքների ապահովման ռադիոտեխնիկական համալիրների և համակարգերի, ավիացիոն էլեկտրակապի ու դիտարկման միջոցների շահագործման պատշաճ վիճակը պահպանելու, ՌԴ աէրոնավիգացիոն համակարգի արդիականացման համար: «Աէրոնավիգացիոն գանձումների պակասն անմիջական ֆինանսական վնաս է հասցնում Պետկորպորացիային, քանի որ, ըստ գործող օրենսդրության, ձեռնարկությունը հարկեր է փոխանցում բյուջե անկախ նրանից, վճարել է ավիաընկերությունը պրովայդերի տրամադրած ծառայությունների դիմաց, թե ոչ: Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիան որոշում է կայացրել դադարեցնել Air Armenia ավիաընկերության աէրոնավիգացիոն սպասարկումը ՌԴ օդային տարածքում: Օդային նավիգացիայի ծառայությունների տրամադրումը կվերսկսվի ժամկետանց պարտքերը մարելուց և ընթացիկ պարտքերի մարման երաշխիքներ տրամադրելուց անմիջապես հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը 2013-ի հունիսին ուղևորափոխադրումների արտոնագիր տրամադրեց «Էյր Արմենիա» (Air Armenia) ընկերությանը մեկ տարի ժամկետով դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դոնի Ռոստով, Սամարա: Հայաստանի ավիացիոն ղեկավարության որոշմամբ «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությանը կսպասարկի Երևանից՝ Եկատերինբուրգ, Մինվոդի, Վոլգոգրադ, Վորոնեժ, Նիժնի Նովգորոդ թռիչքները: Հայաստանի ԱԳՆ-ի համապատասխան նոտան տեղադրված է Ռոսավիացիայի պաշտոնական կայքում: Հոկտեմբերի 23-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Այսուհետ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել Հայաստանում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Օդային տարածքի ազատականցման անհրաժեշտություն առաջացավ, երբ ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ին հայտարարության սնանկության մասին: Սնանկության գործընթաց սկսելու հայտարարությունից հետո «Արմավիա» ընկերության դեմ 15 դատական հայց էր ներկայացվել: Ըստ դատական տեղեկատվական համակարգի, մեծ մասը չվճարված աշխատավարձի և վերջնահաշվարկի մասով աշխատակիցների հայցերն են: Որոշ դեպքերում «Արմավիան» հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ակնհայտ խուսափելով գումարի տրամադրումից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |