Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի հաստատումը ձգձգվում է հարեւան երկրների պատճառով

PanARMENIAN.Net - Բանակցությունները Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մաքմիլան-Սքոթի հետ բավականին հաջող են անցել: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ինձ համար հաճելի նորություն էր փոխնախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը կարող է ԵՄ անդամ դառնալ առաջիկա 10 տարում»,-նշել է Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ, որ բանակցությունները Հայաստանի եւ ԵՄ միջեւ Գործողությունների ծրագրի հաստատման շուրջ դեռեւս չեն ավարտվել: «Ծրագրի շրջանակներում չլուծված հարցեր չեն մնացել, եւ բանակցությունների նոր փուլ անցկացնելու անհրժեշտություն չկա: Վերջնական որոշման կայացման ձգձգումը կապված է նրա հետ, որ մեր հարեւաններն որոշակի դժվարություններ ունեն Եվրամիության հետ»,-ասել է Օսկանյանը:



Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա ըստ ՀՀ ԱԳ նախարարի, «Երեւանը դրական է գնահատում այն փաստը, որ Իրանը չի մերժել ԵՄ նոր առաջարկները»: «Մենք ողջունում ենք ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով Գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանայի ջանքերը Թեհրանում եւ ԱՄՆ մտադրությունն ուղղակի երկխոսություն սկսել Իրանի հետ: Մենք նաեւ հուսով ենք, որ Իրանի միջուկային խնդիրը կհաջողվի լուծել բանակցությունների միջոցով, առանց պատժամիջոցների եւ ռազմական ուժի կիրառման»,-ընդգծել է Վ.Օսկանյանը: Ինչ վերաբերում է Իրանի հյուսիսային նահանգներում բնակվող ադրբեջանցիների հակակառավարական ելույթներին, ապա Վարդան Օսկանյանը հրաժարվեց մեկնաբանել այդ փաստը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---