ԵՄ-ն շարունակելու է աջակցել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններին. Կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ-ն է![]() 16 հոկտեմբերի 2014 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահը կարևորել է Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին: Նախագահականից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են բանակցային գործընթացի վերջին զարգացումներին՝ Սոչիի և Նյուպորտի գագաթնաժողովների, ինչպես նաև ամռանը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության մեծացման համատեքստում: Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները: Սերժ Սարգսյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը երկուստեք համոզմունք են հայտնել, որ խաղաղ բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Հերբերտ Զալբերը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանն ու բոլոր այն գործնական քայլերին, որոնք կարող են ձևավորվել խաղաղ բանակցային գործընթացում և նպաստել հակամարտության հանգուցալուծմանը: ՀՀ նախագահը շեշտել է, որ հարցի արդար կարգավորման առանցքը Ղարաբաղի ժողովրդի կողմից ազատ կամարտահայտության միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է: ԵՄ հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ այս փուլում բանակցությունների արդյունքների վերաբերյալ սպառիչ տեղեկությունների և որոշակի պարզաբանումների համար՝ նշելով, որ ստացած տեղեկությունները կզեկուցի ԵՄ անդամ պետություններին: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հոկտեմբերի վերջին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից ակնկալիքների վերաբերյալ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին, երթադրաբար` 27-ին, Փարիզում բանակցությունների անցկացման համար: Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: Հերբերտ Զալբերը հանդիպել է նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Նրանք քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր, անդրադարձել հոկտեմբերի վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Փարիզում նախատեսված հանդիպմանը: Նախարար Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի նախօրեին և Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների բազմակի աճին, ինչը բացասաբար է ազդում բանակցային գործընթացի վրա։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Եվրոպական միությունը շահագրգռված է տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ և սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |